Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեռ որոշում չի կայացրել առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, բայց կսատարի Ռոբերտ Քոչարյանին։ Այդ մասին ասել է Սեյրան Օհանյանը, գրում է «Փաստինֆո»-ն։

«Թող վարչապետը վերջնական որոշում ընդունի, օրը նշանակվի, դրանից հետո կասեմ իմ որոշման մասին:

Իհարկե, գնալու եմ, մասնակցելու եմ ընտրություններին՝ որպես ՀՀ քաղաքացին: Աջակցելու եմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա կողմից կազմված ծրագրին»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Սեյրան Օհանյանը Արցախում և Հայաստանում զինվորական պաշտոններ է զբաղեցրել։

1999 թվականի օգոստոսին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար: 2000 թվականի հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, իսկ 2007 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: