«Ենթադրենք, եթե այս փաստը տեղի ունենար 7 կամ 10 տարի առաջ, դուք առավոտից իրիկուն կլսեիք, թե ինչպես Հայաստանի ղեկավարության հմուտ քաղաքականության արդյունքում տեղի ունեցավ անհնարինը, մի բան, որի համար հայությունը պայքարում է տասնամյակներ։ Հիմա չկա տենց բան»,- խորհրդարանում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին։

Փաշինանը նշեց, որ կարևոր արձանագրում է, բայց, ի վերջո, պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու ԱՄՆ նախագահը ճանաչեց հայոց ցեղասպանութունը։

«Երկարաժամկետ գործոնը, միանաշանակ, ԱՄՆ հայկական համայնքի ու Սփյուռքի հետևողական աշխատանքն է, միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքակնությունն է ու այս համատեքստում դիսոնանսը, որ առաջացել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև, կարճաժամկետ գործոնները՝ 44-օրյա պատերազմն ու դրանում Թուրքիայի բացահայտ ու ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի ժողովրդավարական երկիր լինելը», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա համոզմամբ՝ այս չորս գործոնն է, որ բերել է ԱՄՆ նախագահի կողմից այդ աննախադեպ ու պատմական որոշման կայացմանը։

«Կարծում եմ՝ տեղի ունեցողը կապ ունի նաև ԼՂ հարցի և նրա հետագա կարգավորման հետ։ Եթե ԱՄՆ նախագահի կողմից ճանաչման փաստին ավելացնենք այն մեկնաբանությունները, որ ՌԴ նախագահը տվեց պատերազմից հետո՝ խոսելով Ղարաբաղի հարցի ծագումնաբանության և Արցախի հայության անվտանգության մասին, եթե սրան գումարենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երկրորդ հայտարարությանը, կտեսնենք, որ այս բոլոր գործընաացները ունեն խորքային կապ»։

Փաշինյանը չմանրամասնեց, թե այս մասով կառավարությունն ինչ կարծիք ունի։