Հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական ուժերը պատրաստվում են հունիսի 20-ին նախատեսվելիք խորհրդարանական ընտրություններին։ Առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին արդեն իսկ հայտարարություններ են արել մի շարք կուսակցություններ, ոմանք էլ հայտարարել են դաշինքով հանդես գալու մասին։

Ինչպես հայտնի է «Քաղաքացիակական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին։ Այս կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Միաժամանակ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով ՔՊ-ն այս ընտրություններին ևս դաշինքով հանդես կգա, միավորելով մի քանի մանր- մունր կուսակցություններից ներկայացուցիչների։ Մամուլի հրապարակումների համաձայն ՔՊ-ի նախընտրական ցուցակում կլինեն նաեւ որոշ գործարարներ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Խաչատուր Սուքիասյանի մասին։

Արտահերթ ընտրություններին առանձին մասնակցելու մասին է հայտարարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է։ ԲՀԿ-ականները հայտարարել են, որ ընտրություններին մասնակցելու են հաղթելու վճռականությամբ։

Հունիսի 20-ին կայանալիք  ընտրություններին կմասնակցի նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ ԼՀԿ-ն ունի վարչապետի իր թեկնածուն։ Ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Օրեր առաջ արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին հայտարարեց Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ «Հայրենիք» կուսակցությունները։ Թե ինչպես է կոչվելու երկու կուսակցությունների դաշինքը և ով է այն գլխավորելու կուսակցության ներկայացուցիչները չեն շտապում փակագծերը բացել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այլեւս չի ցանկանում բարձր պաշտոն զբաղեցնել, ապա կարելի է ենթադրել, որ ՀՀԿ- «Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածուն Արթուր Վանեցյանն է։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հայտարարել է ակտիվ քաղաքականություն վերադառնալու և արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին։ Կուսակցություն չունեցող Քոչարյանի շուրջ միավորվել են ՀՅԴ-ականները և Սյունիքի նախկին մարզպետերից Վահե Հակոբյանի նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։ Այս դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։

Առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը՝ ՀԱԿ-ը դեռ վերջնական որոշում չունի, մասնակցելու է արդյո՞ք ընտրություններին, թե՞ ոչ։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բացի վերը նշված կուսակցություններից մասնակցելու մասին են հայտարարել նաեւ «Հանրապետություն», «Ազգի ձայն», «Քաղաքացու որոշում», «Սասնա Ծռեր»։  Հնարավոր է մինչ ընտրությունների վերջնական հայտարարումը այլ ուժեր ևս վերջնական հայտնեն իրենց դիրքորոշումը։ Սակայն անկախ այդ հանգամանքից, ակնհայտ է, որ հիմնական դերակատարները լինելու են ՔՊ-ն, ՀՀԿ- Հայրենիք դաշինքը, ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն ու «Քոչարյան» դաշինքը։

Irakanum.am