Մերժվածի հարցազրույցը շատ լավ առիթ և հնարավորություն է, որպեսզի մենք բանակցային բովանդակության նոր շերտեր բացենք, որը նախկինում բացելու հարցում ունեինք որոշակի սահմանափակումներ։ ԱԺ ամբիոնից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց անկախ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հարցին, որը վերաբերում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին բանակցային գործընթացի վերաբերյալ․

«Երբ կանցնեն տարիներ, և կբացվեն բանակցային որոշակի փաստաթղթեր, մենք բոլորս կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից մենք իմանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի, թե ենթադրվող հանրաքվեի իմաստով, որը նշված չէ, թե որտեղ պիտի տեղի ունենա, Սերժ Սարգսյանը մտահոգություն է ունեցել, թե ինչքան ադրբեջանցի է համարվելու ԼՂՀ բնակիչ։ Այս փաստից մենք իմանում ենք, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեին նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչ ադրբեջանցիներ․ հարց՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ ադրբեջանցիները, ըստ Սերժ Սարգսյանի հղման, Լեռնային Ղարաբաղում որտե՞ղ պետք է բնակվեին։ Հույս ունեմ՝ բոլորս հասկանում ենք այս հարցի պատասխանը»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի այն մտքին, թե եթե բանակցողը փոխվեր, բանակցության տրաբանությունը պետք է փոխվեր․

«Երբ կանցնեն տարիներ, և կբացվեն բանակցային որոշակի փաստաթղթերի բովանդակությունը մենք կպարզենք, որ բանակցային բովանդակությունը ծռվել է 2015 թվականի աշնանը, 2016 թվականի ձմռանը, Սերժ Սարգսյանը թող պատմի մարդկանց այս իրադարձությունների մասին, որից հետո եկել է 2016 թվականի գարունը, և եկել է ապրիլի 2-ը։ Բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այս ժամանակ, և սա ապացուցող փաստաթղթեր կան»։

Ինչ  վերաբերում է Սերժ Սարգսյանի այն մտքին, թե իրենք ուզել են՝ հարցը կարգավորվի խաղաղ ճանապարհով, Փաշինյանը հարց է բարձրացնում՝ իսկ Ադրբեջանն ուզո՞ւմ էր դա արդյոք․

«Չէ՞ որ Մերժվածը 2017 թվականին իր տված հարցազրույցում ասում է, որ Ապրիլյան պատերազմը նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է  հարցը լուծել Մադրիդյան սկզբունքների ճանապարհով։ Մադրիդյան սկզբունքներում երկու սկզբունք կար՝ հարաքվե և միջանկյալ կարգավիճակ։ Իսկ 2015 թվականի աշնանը և 2016 թվականի ձմռանը կարո՞ղ է պարզվի, որ միջնորդները սկսեցին պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը, և Մադրիդյան սկզբունքները իրականում միայն ցուցանակ էին, որի ներքո տեղի էին ունենում ուրիշ գործընթացներ»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ դեռևս 2016 թվականին Սերժ Սարգսյանը խոսում էր 7 շրջանների մասին, և 5+2-ի հնարավորություն չի եղել․

«2 շրջանը նրա համար էր, որ տարբեր փուլերում գործընթացը կողմերի համար դարձվեր ավելի գրավիչ»։

Փաշինյանը շեշտում է՝ բանակցությունների ողջ ընթացքում Ադրբեջանն ասել է ոչ, և հայկական կողմի ցանկացած զիջումից հետո ասել է՝ ուզում է ավելին։

Նաև նշում է՝ 2018-ին արդեն Սերժ Սարգսյանը հայտարարել է բանակցային գործընթացի տապալման և պատերազմի տրամաբանության մասին։