Երեկ՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ից 23։30-ն ընկած ժամանակահատվածում Լենինգրադյան փողոցում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը գլխիվայր շրջվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-դ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղկյալ Անդրանիկ Իսախանյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքն ու այնուհետև ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել Lexus-ը, որը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, սակայն, երբ պարզվել է, որ վթարի հետևանքով տուժածներ չկան, վթարի փաստով զբաղվում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչը։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, այդ թվում՝ ճանապարհային ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները, որ իրենց ասել են, թե վթարից հետո Lexus-ի վարորդը հեռացել է դեպքի վայրից։

Ոոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: