Եզրափակիչ ելույթ ունեցավ «Իմ քայլի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով բարձրացված մի շարք հարցերի: «Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետո, ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել և այն հիմնված է եղել նախևառաջ հայ-ռուսական համատեղ զորախմբի ու ՀԱՊԿ Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ունենալու վրա: Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են ի ցույց դնել, թե մի շարք կայացված որոշումներ անվտանգության նոր սպառնալիքներ են ստեղծել Սյունիքի մարզի համար, նրանք իրավիճակը խորը չեն գնահատում, որովհետև տեղի է ունեցել հակառակը. ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն իրականացվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով ու ջանքերով, բայց դա չի նշանակում, որ բոլոր տեղերում պետք է համատեղ մարտական դիրքեր կամ պոստեր դրված լինեն. գոյություն ունի պայմանագիր»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Փաշինյանը հայտարարեց. «Մեկը կարա՞ բացատրի՝ նորմալ ա՞, որ ասում են՝ 5000 զոհ տարավ, կոտորեց… Իմ որդին եղել ա առաջնագծի էն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք-կողքի, մարմիններով իրար կպած մարդ է եղել, զոհվել է: Որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվողը լինի ինքը….Նույն խրամաբջջի մեջ ականանետի պայթյունից էդ տղան զոհվել ա, իմ որդին՝ չէ, ո՞վ ա որոշել դա: Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել, ինչպիսի կռիվ հայ ժողովուրդը ժամանակին տվել ա Ավարայրի դաշտում, Սարդարապատում, որովհետև համարել ենք, որ պետք է պայքարենք»: