Եթե ներքաղաքական կոնտեքստի մեջ որևէ շահարկում է լինում, թե իբր այս իշխանությունների օրոք ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ նախկինների օրոք չճանաչեց, դա լրջագույն խնդիր է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասաց՝ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ ԱՄՆ նախագահն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, որը դեռևս իրավական հետևանքներ չի առաջացրել, Հայկ Դեմոյանն ասաց. «Կարծում եմ՝ չպետք է տրամադրված լինենք, որ այդ հարցի շուրջ շահարկումներ լինեն։ Անշուշտ, այստեղ եզրույթների նրբություններ կան, թե ով ինչպես է օգտագործում։ Կան իրավական հետևանքներ, որոնք պետք է շեշտվեն լինի դա Կոնգրեսի բանաձև, թե նախագահի ամենամյա ուղերձ»,-նշեց պատմաբանը։

Վերջինս նկատեց՝ պետք է զերծ մնալ այն շահարկումներից, որ ԱՄՆ-ն ցեղասպանությունը ճանաչեց այս, այլ ոչ թե նախորդ իշխանությունների օրոք. «Երբեմն սոցցանցերում նման արտահայտություններ տեսնում ենք և չէի ցանկանա, որ դա պաշտոնական հռետորաբանության մեջ լիներ»,-ասաց Հայկ Դեմոյանը։

Հարցին՝ արդյոք այս իշխանությունների կողմից այդ փաստը մանիպուլացնելու և իրենց օգտին օգտագործելու փորձ կարո՞ղ է լինել, Հայկ Դեմոյանը նշեց, որ առաջիկայում նախընտրական քարոզարշավ է և ոչինչ չի կարելի բացառել, բայց չի ցանկանում կանխատրամադրված նկատողություններ անել. «Այս ընթացքում նման բան չեմ տեսել։ Համակիրների կողմից եմ տեսել, բայց դա պաշտոնական շահարկում չէ։ Եթե նման բան լինի, իմ տեսակետն ու քննադատությունը կհնչեցնեմ»,-ասաց պատմաբանը։

Հայկ Դեմոյանը կարծում է, որ Թուրքիան առավելագույնս փորձելու է օգտվել ստեղծված իրավիճակից, փորձելու է Հայաստանի ներսում քաոսային, անկառավարելի վիճակ ստեղծել և ցանկացած իշխանության թուլացնել, որպեսզի զարգացնի այն հաջողությունը, որն արձանագրեց պատերազմի ընթացքում և անպատիժ մնաց. «Թուրքական թունավոր ուժերը մեր նավ են հորդում։ Այդ անցքերն արագ պետք է փակենք ու վերականգնենք, որպեսզի երկրի անվտանգություն հասկացությունը գործի»,-նշեց Հայկ Դեմոյանը՝ հավելելով, որ երկրի անկայուն ներքաղաքական վիճակը, ինչպես նաև իշխանությունների թույլ ու անգործունյա լինելն առաջացնում են ագրեսիվ նկրտումներ։

Պատմաբանը չի բացառում նաև, որ թուրք-ադրբեջանական ուժերը կարող են ֆինանսական ուղղորդման միջոցով որևէ ազդեցություն ունենալ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում։