Այսօր՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվելու է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ժամանակ քննարկվելու է վարչապետի ընտրության հարցը։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել վարչապետի պաշտոնից, և, ըստ պայմանավորվածության, 2 անգամ չընտրվելուց հետո խորհրդարանը պետք է ցրվի, ու պետք է նշանակվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Ըստ Սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ, սակայն, ըստ քաղաքական պայմանավորվածության համաձայն, թեկնածուներ չեն առաջադրվել։

Վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից 7 օր անց իրավունքի ուժով կիկին գումարվելու է Ազգային ժողովի նիստ, և պատգամավորներին կրկին վարչապետ ընտրելու հնարավորություն է տրվում։

Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, և նշանակվում են արտահերթ ընտրություններ։ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը վարչապետ է ընտրում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նշենք, որ, ըստ քաղաքական բանավոր պայմանավորվածության, խորհրդարանական ուժերն այսօր վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, սակայն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվելու է։