Ադրբեջանական թելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն է տարածել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից։ Ըստ տեղեկության՝ այդ զինվորը փորձել է սահմանն անցնել ու հանձնվել ադրբեջանական կողմին։

Հակառակորդ երկրի լրատվականները նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի հատվածում՝ ադրբեջանական Ջաֆարլի գյուղի և հայկական Վազաշեն գյուղի ուղղությամբ:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ տեղեկությունը բացարձակ սուտ է։ «Հիմարություն է, նման դեպք չի գրանցվել։ Այս տեղեկությունն ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքներից է»: