Սոմալիի խորհրդարանի ստորին պալատը շաբաթ օրը կայացած արտակարգ նիստում չեղարկել է նախագահ Մուհամմեդ Աբդուլլահի Մուհամեդի պաշտոնավարման ժամկետը երկարացնելու, ինչպես նաեւ ընտրական բարեփոխումներ իրականացնելու իր նախկին որոշումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

140 պատգամավորներ միաձայն կողմ են քվեարկել պետության ղեկավարի լիազորությունները երկու տարով երկարացնելու մասին ապրիլի 12-ի իրենց իսկ բանաձեւի հետ կանչմանը: Նիստի բացմանը նախագահ Մուհամմեդը դիմել է խորհրդարանականներին `խնդրելով չեղյալ համարել երկրի ղեկավարի պաշտոնում իր աշխատանքը մինչ 2023 թվականը երկարացնելու որոշումը:

Նախագահը նաեւ Սոմալիի վարչապետ Մուհամմեդ Հուսեյն Ռոբլեին հանձնարարել է մարզերի ղեկավարների հետ վերսկսել երկրում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների վաղաժամ անցկացման շուրջ բանակցությունները: Միեւնույն ժամանակ պետության ղեկավարը նշել է, որ խորհրդակցությունների համար հիմք է հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 17-ին ընդունված համաձայնագիրը, որը սահմանում է ընտրությունների բանաձեւը եւ սկզբունքները: Վարչապետի վրա է դրվում նաեւ բանակցային ողջ գործընթացի անվտանգության ապահովման պատասխանատվությունը: