«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնության կոչեր անելու համար։

Հայտարարությունը, որտեղ իրավապահ մարմինները բռնության տարրեր են նկատել, հնչել է 2021թ մարտի 15-ին՝ Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթին սպանելու 100-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ընթացքում, որի առնչությամբ էլ հարուցվել է քրեական գործ։

Զարուհի Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը նախատեսում է բռնության կոչեր, որոնք պայմանավորված են տվյալ անձի՝ ազգային, ռասսայական պատկանելիությամբ, կրոնական համոզմունքներով կամ անձի՝ այլ սոցիալական որոշակի խմբին պատկանելով, ուստի՝ հասկանալի չէ, թե այս դեպքում այդ կոչերը որ անձանց ինչպիսի խմբին է ուղղված, որովհետև հրապարակային խոսքի բովանդակությունից դժվար է եզրակացնել, որ կոչն ուղղված է եղել որոշակի խումբ մարդկանց դեմ։

«Հիշատակվել է «Նիկոլ» անունը։ Եթե մենք ընդունում ենք, որ տվյալ անձի վերաբերյալ է եղել կոչը, ապա՝ նախ վարույթն իրականացնող մարմինը պետք է ցույց տար, թե ինչու է համարում, որ այդ կոչն ուղղված է եղել տվյալ անձի՝ որոշակի խմբին պատկանելու հանգամանքով պայմանավորված »,- նշեց Ալումյանը։

Հիշեցնենք, որ Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթին սպանելու 100-ամյակի կապակցությամբ միջոցառման ընթացքում Զարուհի Փոստանջյանն ասել էր. «Նիկոլ, գալու ենք հետեւիցդ։ Թալեաթին Թեհլերյանը կրակեց եւ գիտես ինչ եղավ, սպասիր, Նիկոլ, վախը սրտումդ սպասիր։ Մի գուցե ուշացնում ենք, բայց գալու է այդ օրը, Թեհլերյանը դա արեց 15 թվականից 6 տարի անց։ Դու եւ գործընկերներդ սպասեք, քեզ ո՛չ Էրդողանն է օգնելու, ո՛չ Ալիեւը…»։

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ, եթե «Նիկոլ» անունն է շոշափվել, նրա դեմ է ուղղված եղել այդ կոչը, ապա ինչու՞ Նիկոլ անունով անձն այս քրեական գործով տուժող չի։ Մասնավորապես, եթե համարում են, որ բռնության կոչ է եղել՝ տվյալ անձի նկատմամբ գործադրելու վերաբերյալ, ապա ենթադրվում է, որ տվյալ անձը պետք է տուժող լիներ։

«Եթե այս գործով տուժող չկա, այդ գործողություններից ոչ մեկը չի տուժել, ապա ինչպե՞ս կարող է լինել հանցագործության դեպք։ Եթե բռնության կոչերի վերաբերյալ՝ բռնության կոչի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել և որևէ մեկը չի տուժել այդ բռնության կոչից, տուժող չկա, որևէ մեկին չի պատճառվել՝ ո՛չ բարոյական, ո՛չ ֆիզիկական, ո՛չ նյութական վնաս, ապա ինչպե՞ս կարող է լինել մեղադրանք»,- նշեց Ալումյանը՝ հավելելով, որ կոնկրետ այդ հոդվածով դա բացառված է։

Նա նաև հայտնեց, որ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը կբողոքարկվի, քանի որ, ըստ պաշտպանական կողմի՝ խափանման միջոց կիրառելու որևէ հիմք չկա։ Զարուհի Փոստանջյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։