Ընտրությունների մասնակցող բոլոր ուժերն իրար մրցակից են՝ անկախ նրանից ընդդիմություն են, թե իշխանություն։ «Քոչարյան» դաշինքին մրցակից է «Հայրենիք»-ի և ՀՀԿ-ի դաշինքը այնքանով, որքանով մրցակից են ԲՀԿ-ին, ՔՊ-ին և մնացած այլ ուժերին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա դիտարկմամբ՝ չնայած արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցություններ ենք ընտրելու, բայց, ըստ էության, երկու ուժի՝ ՔՊ-ի և «Քոչարյան» դաշինքի համար դա վարչապետական ընտրություն է լինելու. «Նրանց ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին մասնակցում են վարչապետ դառնալու համար։ Այսինքն՝ ընտրելով այդ ուժերին, ընտրելու ենք վարչապետներ»,-նշեց քաղտեխնոլոգը։

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն էլ ընտրություններին մասնակցում է հաղթելու նպատակով և իրենց վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, Արմեն Բադալյանը նկատեց՝ միայն ասելով չէ. «ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցում է, որպեսզի իր տեղերն ամրապնդի, չկորցնի իր տեղերը և եթե կարող է մի երկու մանդատ ավել ստանա։ Սա է ԲՀԿ-ի առավելագույնը։ Գագիկ Ծառուկյանը երբեք չի դառնա ՀՀ վարչապետ։ Դա բացառված է, որովհետև ոչ ոք չի պատկերացնում Գագիկ Ծառուկյանին Պուտինի կողքին նստած հայ-ռուսական հարաբերություններ քննարկելիս, Շոյգուի կողքին նստած հայ-ռուսական ռազմական ինչ-որ համագործակցության մասին հարցեր քննարկելով։ Էլ չեմ ասում, որ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչպես է նա Ալիևի կողքին նստած արցախյան հարցը քննարկելու։ Եթե Արթուր Վանեցյանին կարող ենք պատկերացնել, նա իր էությամբ նման կատեգորիայի գործիչ է, ուղղակի դեռևս չունի այն կշիռը, որ վարչապետի համար պայքարի։ Եթե ՔՊ-ն և «Քոչարյան» դաշինքը պայքարում են, որ խորհրդարանում մեծամասնություն ստանալով իրենց ղեկավարները կարողանան վարչապետ դառնալ, ապա ԲՀԿ-ն պայքարում է, որ իր տեղերը պահի, «Հայրենիք» և ՀՀԿ դաշինքը պայքարում է խորհրդարան մտնելու համար»,-նշեց Արմեն Բադալյանը։

Վերջինս ընդգծեց՝ քաղաքական երկու ուժի համար դա վարչապետական ընտրություն է, իսկ երկու ուժի համար՝ ԲՀԿ և «Հայրենիք» դաշինքի համար խորհրդարանական ընտրություններ են։

Անդրադառնալով ԼՀԿ-ին՝ քաղտեխնոլոգը նկատեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ոչ գրագետ քարոզարշավ է իրականացնում. «Այն ընտրողը, որն ընտրելու է Ռոբերտ Քոչարյանին, նա կընտրի Ռոբերտ Քոչարյանին։ Եթե Ռոբերտ Քոչարյանը չմասնակցի ընտրություններին, այդ ընտրողը երբեք իր ձայնը չի տա Էդմոն Մարուքյանին։ Յուրաքանչյուր ընտրող իր պատկերացումն ունի։ Եթե ԼՀԿ-ի ղեկավարին թվում է, որ եթե ՀՀԿ-ն, «Հայրենիք»-ը, «Քոչարյան» դաշինքն ընտրություններին չմասնակցեն, բոլորի ձայնն ինքը կստանա, չարաչար սխալվում է։ Տեսնենք նա խորհրդարան կմտնի, թե ոչ։ ԼՀԿ-ի համար դա շատ լուրջ հարց է, որովհետև ինչի համար, որ խորհրդարանում էր, իր գործառույթը չիրականացրեց։ Ընդհանրապես կարող է խորհրդարան չմտնեն»,-ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով խորհրդարան կմտնեն ՔՊ-ն, «Քոչարյան» դաշինքը, «Հայրենիք»/ՀՀԿ դաշինքը և ԲՀԿ-ն։