ՀՀ պաշտպանության նախարարությունն արխիվային կադրեր է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես է հայկական օդուժի ՍՈւ-25-ը հարվածում ադրբեջանական դիրքերին։ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Զինուժի մեդիայի»` այդ մասին պատմող ռեպորտաժը։

Կադրերից երևում է, որ ինքնաթիռը շատ ցածր է թռչում և հարվածներ հասցնում ադրբեջանական դիրքերին (տեսանյութի 1։31 – 1։43 հատվածում)։

«ՍՈւ-25 ինքնաթիռները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ ընթացող պաշտպանական գործողություններին կրակային աջակցություն են ցուցաբերել։ Դրանցով ոչնչացվել են հակառակորդի դիվերսիոն խմբեր, հարավային ուղղությունում հատուկ առաջադրանքներ են կատարվել։ Իհարկե, ունեցել ենք նաև կորուստ»,–ասում է ԶՈւ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը։

ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ Գագիկ Ասլանյանն էլ հայտնում է, որ ՍՈւ-30 ինքնաթիռներով իրականացրել են օդային հերթապահություն, հակառակորդի օդային միջոցների հետմղում։ Հենց դրանց շնորհիվ է, որ պատերազմի վերջին ժամանակահատվածում հակառակորդը դադարեցրել է թռիչքներ իրականացնել և կասեցվել է նրանց մարտական գործողությունների հնարավորությունը հյուսիսարևելյան սահմաններում։

Նշվում է նաև, որ պատերազմից հետո ինտենսիվ մարզումներ են իրականացվում օդային թիրախներին հեռահար հարվածներ հասցնելու համար։

Այժմ առաջնահերթությունների շարքում է բազմանպատակային կործանիչների բաղադրիչի զարգացումը, մասնավորապես, հագեցումը հրթիռներով։