«Փաստ» օրաթերթը գրում է. «Հավանական արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտը վերակազմավորվում է, ստեղծվում են դաշինքներ, հստակեցվում են քաղաքական ուժերի կողմնորոշումներն ու մոտեցումները: Կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը կարծում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվածություն դրսևորի, սթափ և առողջ պետք է լինի ու հասկանա, թե իրենց միջից որն է ամենակարող ուժն ու առաջնորդը, որը կարող է ճիշտ կառավարման տարբերակով երկիրը հանել այս անդունդից:

«Եթե ընտրությունների արդյունքում այս իշխանությունը հեռացվում է, և փորձառու, պատրաստ, բանիմաց ուժի ներկայացուցիչների թիմ է ընտրվում, այդ դեպքում, անշուշտ, կարելի է լուծել ճգնաժամը: Բոլորը միասին շատ գրագետ, ճիշտ շեշտադրումներով, հստակ ծրագրերով պետք է լծվեն ընտրապայքարի ընթացքին»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ այս իշխանության վերարտադրվելու հնարավորության պարագայում մեր երկիրն ու ժողովուրդը ողբերգական վիճակում են հայտնվելու:

Մկրտչյանը կարծում է, որ վերարտադրվելու համար իշխանությունները որոշակի քայլեր կանեն՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառքին մոտ երևույթներ (ասֆալտ, պարարտանյութ, աջակցության ծրագրեր): «Գուցե ոմանք կընկնեն այդ ծուղակի մեջ ու կընտրեն նրանց, բայց առավելագույնը 25-30 տոկոսի մասին է խոսքը, ինչով կավարտվի իրենց քաղաքական ճակատագիրը ու, կարծում եմ, կսկսվի քրեական ճակատագիրը»,- ասաց Մկրտչյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում