«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրինք, թե ինչու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում չի անդրադառնում նաեւ իր կառուցած եռահարկ շքեղ առանձնատանը․ մարդկանց մոտ կասկածներ կան, թե ինչպես է նա դատախազի աշխատավարձով նման շքեղ առանձնատուն կառուցել։ Դավթյանն ուշագրավ պատասխաններ տվեց․

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի համար օրենքով նախատեսված առիթներ, հիմքեր կան։ Ես չեմ վարանում ասել՝ էսօր կլինի, վաղը կլինի, տասը տարի հետո կլինի, ցանկացած մեկը կարող է ապացուցել։ Ես մի բան կարող եմ մենակ ասել՝ ես չեմ կարող բարոյական առումով չունենալ իրավունք՝ մեկ ուրիշին ապօրինի գույքի մեղադրանք ներկայացնելու կամ գույքը բռնագանձելու»։ Երբ նկատեցինք, որ դատախազն ինքն է, հազիվ թե ինքն իր դեմ գործ հարուցի, Դավթյանն ասաց․ «Հիմա ես եմ, հո տասը տարի հետո էլ ե՞ս չեմ լինելու»։

Հիմա տասը տարի սպասե՞նք, որ Ձեր գույքի օրինականությանն անդրադառնան։ «Դե, մի՛ սպասեք․․․ չէ, արեք, հենց Դուք արեք։ Ես ասում եմ՝ իմ անելու համար էլ առիթներ են պետք»,- եղավ պատասխանը, որով նա հասկացրեց, որ մի տասը տարի էլ ինքն այդ պաշտոնն է զբաղեցնելու, եւ իր գույքին անդրադառնալու վտանգներ չկան։ Իսկ երբ նկատեցինք, թե ինքն ուրիշներին ինչպե՞ս է մեղադրում, նույնկերպ նաեւ իր միջոցների հետ կապված կարող է կասկած լինել, թե ինչքանով են դրանք օրինական՝ զուտ արդարության ու հավասարության սկզբունքներից ելնելով, Դավթյանն ասաց․ «Երբեւէ փորձե՞լ ես ինքդ քեզ մեղադրել հանցագործության մեջ»։

Հետաքրքիր է՝ իսկ ինքը երբեւէ փորձե՞լ է ինքն իր հետ ազնիվ լինել եւ խոստովանել, որ քաղաքական հետապնդման գործիք է դարձել Փաշինյանի ձեռքում եւ շատ վատ դեր է ստանձնել երկրում օրինականությունը հաստատելու առումով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում