Ադրբեջանցիները Սյունիքի մարզի Խնածախ գյուղի հենց դիմաց երեկվանից աշխատանքներ են սկսել, ըստ գյուղապետի՝ «փոս են փորել, պոստ դնելու համար»:
Գյուղապետ Արմենակ Հովակիմյանը Irakanum.am-ին ասաց, որ այսօր վաղ առավոտյան գյուղի երիտասարդներն են հավաքվել, հարցը քննարկել, գնացել տներով. «Երեկ էլ շտաբի պետն էր իր տեղակալներով այստեղ, այդ հարցի լուծումն այն է, որ մարդիկ իրենց հողում պոստ են դնում, վերջին խոսքը դա է եղել, ասացին ու գնացին»:

Մեր հարցին, թե բարձրաստիճան պաշտոնյաների այդ պատասխանը ձեզ բավարարե՞ց, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դե մերոնք էլ ուզում են իրենց դիմաց բարձր պատնեշ սարքել ու պոստ դնել, գխավոր շտաբը որոշեց, որ առաջիկայում աշխատանքները կսկսեն»:

Նախկին գյուղապետ Կարո Թավադյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղացիները խիստ վախեցել են ադրբեջանցիների հարեւանությունից. «Ադրբեջանցիները խիստ մոտ են կանգնած, գյուղի վերջին տներից մոտ 200 մետր հեռավորության վրա են գտնվում, գուցե նույնիսկ հեռավորությունը շատ ասեցի, մեր տանկ բակից պարզ երեւում է՝ ինչ են անում, մեծ փոս են փորել, մեծ թումբ են սարքել, ինչի համար, չեմ կարող ասել… այնքան մոտ են, որ եթե հրաման ունենան, կամ ինչ-որ մեկի մտքով անցնի, մեր հովիվները հատկապես շատ մոտ են իրենց, հինգին էլ կտանեն»:

Irakanum.am