«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը 2021 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթին սպանելու 100 տարվա հետ կապված հրապարակային միջոցառմանը մասնակցելիս արել է մի շարք հայտարարություններ, որոնց հիման վրա Դատախազությունը հանձնարարել է Ոստիկանությանը՝ նյութեր նախապատրաստել եւ քննարկել քրեական գործի հարուցման հարցը, ոստիկանությունը  նյութեր է նախապատրաստել, հարուցել է քրեական գործ եւ ուղարկել Քննչական կոմիտե։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Համարել են, որ այդ հայտարարություններով Փոստանջյանը կատարել է ՀՀ ՔՕ 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Մեզ համար հասկանալի չէ, թե վարույթն իրականացնող մարմինը այս հատկանիշներից որո՞վ է նկատի ունեցել, ո՞ւմ նկատմամբ է բռնության կոչ տեսել այդ ասածի մեջ։ Եթե «Նիկոլ» անունով անձնավորության հասցեին է, ապա այդ անձը պետք է ներգրավված լինի որպես տուժող։ Եթե չկա տուժող այս գործով, ինչպե՞ս կարող է այդպիսի հոդվածով անձին մեղադրանք առաջադրել»,- նշեց Հայկ Ալումյանը։

Հոդվածը, մասնավորապես, սահմանում է. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը»։

Հիշեցնենք, որ Փոստանջյանն իր խոսքում ասել է. «Նիկոլ, գալու ենք հետեւիցդ։ Թալեաթին Թեհլերյանը կրակեց եւ գիտես ինչ եղավ, սպասիր, Նիկոլ, վախը սրտումդ սպասիր։ Մի գուցե ուշացնում ենք, բայց գալու է այդ օրը, Թեհլերյանը դա արեց 15 թվականից 6 տարի անց։ Դու եւ գործընկերներդ սպասեք, քեզ ո՛չ Էրդողանն է օգնելու, ո՛չ Ալիեւը…»։

«Դատախազությունը որոշել է, որ «Նիկոլ» անունով անձի հանդեպ ոտնձգություն է կատարվում։ Փոստանջյանը ընդունել է, որ այսպիսի հայտարարություն արել է, բայց ասել է, որ ինքն իրեն մեղավոր չի համարում»,- ասաց փաստաբան Ալումյանը։

Փաստաբանը նշեց, որ Փոստանջյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին. «Խափանման միջոց կիրառելու մասին որոշումը շուտով կբողոքարկենք։ Գտնում ենք, որ ոչ մի հիմք չկա խափանման միջոց ընտրելու»։

Հայկ Ալումյանի դիտարկմամբ՝ իշխող ուժին հակասող ցանկացած կարծիք նյարդայնացնում է իշխանությանը եւ հնարավորության դեպքում էլ աշխատում են ճնշել ցանկացած ազատ խոսք։