ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը  կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում անդրադարձել է 2018թ. ապրիլյան իրադարձություններին և բացատրել` ինչ է նկատի ունեցել 2018թ-ի ապրիլի 22–ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում արած «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» հայտնի արտահայտությամբ:

«Ես կարող եմ բառացի մեջբերել ինչ-որ ասել եմ հարցազրույցում, թե դա ինչպես պետք է հնչեր իմ նախավերջին խմբագրումից հետո՝ շատ պարզ: Տեքստը հասկանալի է, ես ընթերցում եմ այդ հատվածը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ ամեն գնով, կրկնում եմ, ամեն գնով պետք է հասնի իշխանության: Ես սխալվեցի` կարծելով, որ նրա համար թանկ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանք»: Այս բարդ նախադասությունները ես պարզեցրել եմ՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքը, որ թեև շատ պարզ չէր ասված, բայց կարող էր սա ավելորդ լարվածություն առաջացնել:

Ես գնացի նրա հետ հանդիպելու «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Իմ գործընկերներից շատերն ասում էին, որ պետք չէ գնալ նրա հետ հանդիպման, բայց ես կարիք ունեի անձնապես համոզվելու՝ իրո՞ք այս մարդը կարմիր գիծ ունի, թե՞ չունի: Եվ ես շատ կարճ րոպեների ընթացքում, կարճ ժամանակում համոզվեցի, որ, այո, նա ճիշտ է` նա պատրաստ է գնալ մինչև վերջ: Իսկ այդ վերջն ինձ համար շա՜տ վատ էր թվում, դիվային էր վերջը»,–ասել է Սերժ Սարգսյանը: