Օրեր առաջ համացանցում տարածվեց դերասան Վահագն Սիմոնյանի՝ Պոնչոյի հարցազրույցներից մեկը, որտեղ նա պատմում էր, թե ինչպես է ապրում ինքնաշեն վրանում, ամայի տեղում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնկավող ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանն այս մասին գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում և խնդրել գործընկերներին՝ օգնել դերասանին։

«Այսօր համացանցում ես տեսա մի հարցազրույց Վահագն Սիմոնյանի հետ, որը մեզ ծանոթ է «Պոնչ» մականունով։ Շատ հուզվեցի, երբ տեսա, որ Պոնչն անտուն է, ապրում է ինքնաշեն վրանում, չոլերում և սնվում բնության կողմից տված բարիքներից։ Ես չգիտեմ նրա այդ վիճակի պատճառը, բայց գիտեմ հաստատ, որ նա կործանման եզրին է։ Ես իմացա, որ մի քանի տարի առաջ Պոնչը Պեկինի միջազգային կինոփառատոնում ստացել է մրցանակ՝ որպես լավագույն էպիզոդի կատարում հայկական «Եթե բոլորը» ֆիլմում, և մրցանակը նրան հանձնում էին աշխարհահռչակ Ջեկի Չանը և Լյուկ Բեսսոնը։ Նրան ծափահարում էին դահլիճում նստած  աշխարհի լավագույն աստղերը։ Ինչքան ես գիտեմ, Հայաստանում ոչ մի արձագաք չեղավ։

Հիմա այդ տղան ծանր հոգեկան և հոգեբանական վիճակում է։ Գիտեմ, որ նրան այդ վիճակից հանել է պետք։ Դա կարող եք անել դուք, իմ սիրելի կոլեգաներ։ Կարող եք ընդգրկել նրան նկարվող ֆիլմի, կամ սերիալի մեջ, և նա անպայման կվերակենդանանա և կհավատա իր ուժերին, իր պիտանի լինելուն։ Եթե այսպես շարունակվեց, վախճանը կլինի ողբերգական՝ ոչ նրա համար, նա պարզապես կազատվի այդ տառապյալ վիճակից։ Վատ կզգանք մենք, որ ժամանակին օգնության ձեռք չմեկնեցինք իրեն, չօգնեցինք ոտքի կանգնել։ Նրան պետք չի օգնել գումարով, պետք է ընդգրկել  գործի մեջ, և նա գոհ կլինի և՛ ստացած աշխատանքից, և՛ այն գումարից, որ նա կստանա իր աշխատանքի դիմաց։ Այդքան բան»,- գրել է նա։