Այսօր մամուլում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին և լինելու է «Քոչարյանի» դաշինքում։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Քոչարյանն իսկզբանե Կարեն Կարապետյանին է առաջարկել համագործակցել, բայց մերժում է ստացել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ վերջին երկու ամիսներին Կարապետյանը հաճախակի էր գալիս Հայաստան և պարբերաբար հանդիպումներ էր ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ։ Տիգրան Կարապետյանը բիզնեսմեն է, ունի փող, իսկ այս ընտրություններում, չնայած այն հանգամանքին, որ Քոչարյանը փողի խնդիր չունի, մտածել է՝ փողը երբեք ավելորդ չի լինի։ Բացի այդ Կարապետյանները լուրջ ազդեցություն ունեն «Գազպրոմում» և Քոչարյանի թիմում այս հանգամանքը ևս հաշվի են առել, որ այնտեղից էլ ձայներ կունենան։

Ինչ վերաբերում է Կարապետյանի որդուն՝ Տիգրան Կարապետյանին, ապա նա քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, և զարմանալի է, որ հայրը որդուն առաջարկում է մտնել մի դաշտ, որտեղ կրտսեր Կարապետյանը որեւէ դերակատարում ունենալ չի կարող։ Այս ամենը վեր է  հանում Հայաստանում հաստատված համակարգային իրողություններից մեկը։  Խոսքը վերաբերվում է «ժառանգականությանը». Քաղաքականությամբ զբաղվում  են ոչ միայն հայրերը, այլեւ նրանց զավակները:

Մաֆիաների պարագայում նույնիսկ սա տարածված երեւույթ չէր, պատմությունից հայտնի է, որ հայտնի մաֆիոզներից շատերը ձգտում էին իրենց երեխաներին հեռու պահել իրենց գործերից, նրանց համար այլ կյանք ստեղծել: Կարեն Կարապետյանն այդ հնարավորությունն ունեցել է, բայց անսխալական մարդիկ չկան։ Կարապետյանը նրանց թվում է։ Հերթական անգամ նա ճիշտ հաշվարկներ չի արել։

Նշենք, որ Կարեն Կարապետյանի որդին միակը չէ, որ տեղ կգտնի երկրորդ նախագահի ղեկավարած դաշինքի նախընտրական ցուցակում։ Այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ևս իրենց որդիներին գործուղելու են հենց այդ դաշինք։ Անունները կհրապարակենք վերջնական ճշտումներից հետո։

Irakanum.am