Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նոր զեկույց կհրապարակի, որում ապացույցներով վեր է հանվում, որ Բաքվում բացված «պուրակը» Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ ատելության քաղաքականության վառ դրսևորում է և թշնամանքի լրացուցիչ օջախ: Նման համոզմունք հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ազգային ժողովի mարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման ներկայացմանը:

Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության, թշնամաքնի քաղաքականությունը ներկայումս նույնպես շարունակվում է: Դրա վառ դրսևորումը ՄԻՊ-ը համարում է Բաքվում բացված «պուրակը»:  ՄԻՊ-ը լրացուցիչ արտահերթ զեկույց է մշակել, որը կհրապարակվի 1-2 օրվա ընթաքում:

«Ուսումնասիրել ենք այդ «պուրակի» ազդեցությունը ադրբեջանական հասարակությունում: Ապացույցներով վեր ենք հանել, ցույց ենք տալիս, որ դա ատելության, թշնամանքի լրացուցիչ օջախ է, և դա արվում է մտադրված՝ նաև տառապանքներ պատճառելու հայ հասարակությանը»,-նշեց Թաթոյանն ու հիշեցրեց, որ Ադրբեջանում կան էթնիկ պատկանելիությամբ սպանություններ, դաժանություններ, ինչն ապացուցված, հաստատված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով:

Նա բացատրեց, թե ինչու է նշում, որ Ադրբեջանի այդ քաղաքականությունը ֆաշիզմի հասնող է: Ադրբեջանի նախագահը իր՝ հատկապես ապրիլի 12-ի և 13-ի ելույթներում արձանագրել է, իր կարծիքով, ադրբեջանական ժողովրդի առավելությունները՝ հայ ժողովրդի նկատմամբ՝ դա անելով արժանապատվությունը նվաստացնելու հաշվին: «Դա ենթադրում է, որ ազգային պատկանելիության հիմքով մարդը վատն է»,-նշեց ՄԻՊ-ը:

ՄԻՊ-ը ուսումնասիրել է նաև թուրքական աղբյուրները և նկատել, որ նույն ատելությունը նույնությամբ տարածվում է նաև թուրքական աղբյուրներով: