«Պատերազմից հետո սահմաններին մեծ փոփոխություններ են եղել, սահմանը ի՞նչ ձևով է ապահովվում, ես եղել եմ Սյունիքում, ճանապարհը բաց է, այն կողմում թուրքն է, այս կողմում մենք ենք, անհասկանալի իրավիճակ է, ժողովրդի անվտանգությունը ի՞նչ ձևով պետք է ապահովվի, այնտեղ ամեն պահի թուրքը կարա ճանապարհից մարդ տանի»։ Այսօր ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանին դիմելով, հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

ԱԱԾ տնօրենի տեղակալը արձագանքեց, թե սահմանապահ զորքերի կողմից տեղադրված են ուղեկալներ, և իրականացվում է ծառայություն՝  նպատակ ունենալով ապահովել բնակչության անվտանգությունը․

«Հասկանալի է՝ վերջնական դելիմիտացիա իրականացած չէ, և այստեղ շատ դեպքերում հարցեր են ծագում, որ օպերատիվ միջամտություն է անհրաժեշտ և հարցերի կարգավորում, որը իրականացնում են մեր սահմանապահ զորքերը։ Հատկապես Գորիսից Կապան 21 կմ-ում, որտեղ մեր ճանապարհը մի քանի անգամ մտնում է ադրբեջանական տարածք,  տեղակայված են ռուսական սահմանապահ զորքերի պոստեր, որտեղ եթե կոֆլիկտ է լինում, մասնակցում են նաև ռուս սահմանապահները և լուծումներ քննարկում»։

Սասուն Միքայելյանն էլ արձագանքեց, թե վերջին անգամ ապրիլի 15-ին է եղել Սյունիքում, նշված ճանապարհահատվածում կանգնել է մոտ երկու ժամ և այդ ճանապարհին չի տեսել ո՛չ մեր, ո՛չ ռուս սահմանապահներին․

«Ես ասում եմ՝ հիմա այդ անվտանգությունը պետք է իրականացվի, որովհետև 93-ին թուրքերը իջնում էին,  ճանապարհից մարդ էին տանում»,-ասում է Միքայելյանը և հավելում, որ մարդիկ պետք է ճանապարհներին սահմանապահներ տեսնեն, որ իրենց անվտանգ զգան։