ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին` արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող է համարվել վարչապետի պաշտոնակատար` վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում և արդյոք կա փոխարինման իրավական հնարավորություն։

Պարոն Բադասյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո շարունակվում է դիսկուրսը այն հարցի շուրջ, թե վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է լինել վարչապետի պաշտոնակատար, թե՝ ոչ։ Ի վերջո, այս հարցին կա՞ հստակ պատասխան։

Տարբեր զուգահեռներ են անցկացվում 2018 թվականին Սերժ Սարգսյանի հրաժարականի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքերի միջև։ Կա՞ տարբերություն այս երկու հրաժարականների գործընթացների միջև։

Տեսեք, 2018 թվականի ապրիլի 23-ին Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով Կառավարությունը, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համապատասխան կարգավորումները և վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որոշել է փաստել Սերժ Սարգսյանի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը։

Այդ պահին գործող Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանող Կառավարության որոշման համաձայն վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքով պայմանավորված Սերժ Սարգսյանին փոխարինել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։ Այսինքն, մի կողմ թողնելով անհնարինության հիմքերի, տվյալ դեպքում՝ կիրառելիության կամ չկիրառելիության հարցը, դեռևս 2018 թվականի ապրիլին նախորդ իշխանությունների կողմից կառավարության որոշմամբ, ըստ էության, փաստվել է, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելը չի հանգեցնում նրա կողմից իր պարտականությունների կատարման բացառման և անհրաժեշտ է լրացուցիչ ակտ, որպեսզի Սերժ Սարգսյանին փոխարինի Կարեն Կարապետյանը։

Ասեմ ավելին, երբ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց, դրանից հետո նա շարունակեց կատարել իր պարտականությունները մինչև 2019 թվականի նոր կառավարության կազմավորումը։

Այսինքն` ոչ միայն Սահմանադրության վերը նշված հոդվածներն են հստակ կարգավորում այս հարցը, այլև երբեք այլ ընկալում նշված հարցի մասով չի էլ եղել:

Պարոն նախարար, պատկերացնենք, որ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո չի շարունակում կատարել վարչապետի պարտականությունները։ Այդ դեպքում կա՞ վարչապետի փոխարինման իրավական հնարավորություն։

Շնորհակալ եմ լավ հարցի համար։ Ընդունենք, որ վարչապետի հրաժարականից հետո վերջինս չպետք է շարունակի պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորում, այդ դեպքում որտե՞ղ է նրա փոխարինման կառուցակարգը։ Նման կառուցակարգ, ընդ որում, բացառապես Սահմանադիրը պետք է սահմաներ, որովհետև, ըստ էության, սահմանադրական անվտանգության բաղադրատարրի մասին ենք խոսում:  Կառավարության նշածս որոշմամբ նախատեսվում են վարչապետի փոխարինման կառուցակարգեր միայն վարչապետի բացակայության և վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում, որոնցից ոչ մեկը չի ներառում վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու դեպքը։ Եվ այսօր ես նկատում եմ, որ մի մասն ասում է, որ մի փոխվարչապետը պետք է պաշտոնավարի, մյուս մասը, որ մյուսը, բայց չի ներկայացվում ասվածի գեթ մեկ իրավական հիմք։

Այսինքն` այն անձինք, որոնք պնդում են, որ վարչապետի հրաժարականի փաստով միայն վերջինս չի կարող շարունակել կատարել վարչապետի պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը, ըստ էության պնդում են, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև նոր կառավարության կազմավորումը չպետք է ունենա գործադիր իշխանության ղեկավար, և, կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում նման պնդման հիմնազուրկ և, թույլ տվեք ասել, անհեթեթ լինելը։