Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ բանակցություններն ընթանում են միջնորդ կողմի՝ ՌԴ-ի միջոցով, որը հիմա շատ մեծ ջանքեր է տրամադրում նրա համար, որ այդ պրոցեսը վերականգնվի և գերիները վերադառնան,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱՀ ԱԻՊԾ տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը՝ պատասխանելով հարցին, թե գերիների վերադարձի գործընթացում ինչ տեղաշարժ կարող է լինել, Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է շուրջ 1 ամիս առաջ։

Հիշեցնենք, որ նման տեղեկատվություն ապրիլի 29-ին տրամադրել էր ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան։

Ըստ նրա՝ Ռուսաստանը, որի գործադրած ջանքերի շնորհիվ դադարեցվեց պատերազմը, որպես միջնորդ կողմ մեծ ջանքեր գործադրում, որ գերիների վերադարձի գործընթացը շարունակվի և տղաները վերադառնան։

Անդրադառնալով տեղեկություններին, թե Ադրբեջանը, հավանաբար, գերիների վերադարձի դիմաց Հայաստանին որոշ պահանջներ է ներկայացնում՝ մեր համաերկրացիներին դարձնելով առեւտրի առարկա՝ մասնավորապես պահանջելով տարածքներ, Ավագյանը նշեց, որ եթե ՌԴ-ն չզբաղվեր այդ հարցով, ապա գուցե Ադրբեջանը տարածքներ պահանջեր։

«Եթե ցանկացած այլ երկիր, բացի ՌԴ-ից զբաղվեր միջնորդությամբ՝ գերիների վերադարձի հարցով, հնարավոր է, որ մեզ պարտադրեին ինչ-որ տարածքներ հանձնել։ Քանի որ ՌԴ-ն է զբաղվում այդ գործընթացով՝ համոզված եմ, որ մեր գերիները կվերադառնան Հայաստան ու ոչ մի տարածք դրա դիմաց Ադրբեջանին չի տրվի»,- ասել է նա։

Մամուլում օրերս տեղեկություն տարածվեց, որ Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը հնարավոր է փոխարինվի, արդյոք դա բացասաբար չի ազդի գործընթացի վրա՝ հարցին ի պատասխան Ավագյանը նշեց. «խաղաղապահները գտնվում են գործուղման մեջ առանց ընտանիքիների և երևի թե ժամանակ առ ժամանակ փոփոխվում են։ Կարծում եմ՝ ՌԴ-ն կուղարկի բանակցային գործընթացում ոչ ավելի պակաս ճկուն խաղաղապահների հրամանատար, եթե լինի այդպիսի անհրաժեշտություն, բայց ես հուսով եմ, որ մինչև գեներալ Մուրադովի փոփոխությունը, այդ գործընթացը ավարտված կլինի»։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բաքվում շարունակում են գերեվարված մնալ շիրակցիները, որոնք գերեվարվել էին պատերազմի ավարտից հետո։ Բաքուն հայտարարել է, թե նրանք ռազմագերի չեն, այլ դիվերսանտներ։ Բորիս Ավագյանը հույս «Փաստինֆո»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ նրանք, անպայման, կվերադառնան. «Ես կարծում եմ շուտափույթ ժամանակում և ոչ թե կտևի տարիներ»։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանում պահվող անձանց խոշտանգում են, եղել են նաև սպանության դեպքեր, արդյոք պահվող շիրակցիները խոշտանգումների ենթարկվե՞լ են, Ավագյանը նշեց. «Նրանք Գեներալ Մուրադովի պահանջով, երբ նա գտնվում էր Բաքվում, ցույց էին տվել, բոլորը ողջ են» ։