Irakanum.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը։

Տիկին Առուստամյան, ԲՀԿ-ականները այս օրերին հայտարարում են, թե արտահերթ ընտրություններին մասնակցում են հաղթելու վճռականությամբ։ Որտեղի՞ց նման համոզմունք, ինչու՞ եք այդքան վստահ, հաշվի առնելով, որ վերջին ընտրություններն այլ բան են ցույց տվել։

Նախ 2018 թվականի իրավիճակն էր այլ, և 2018-ից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք վստահություն են հաղորդում ԲՀԿ-ին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում միանշանակ մենք ունենալու ենք հաղթանակ և ունենք մեր վարչապետի թեկնածուն, ինչպես գիտեք կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է։

Նկատի ունեմ այդ վստահությունը որտեղից, հասարակության հետ շփումներից ի՞նչ ազդակներ եք ստացել։

Ամենօրյա շփումը ժողովրդի հետ, այս ընթացքում ԲՀԿ-ն բազմաթիվ տարածքային գրասենյակներ է բացել այն տեղերում, որտեղ չունեինք, ու այդ ամենը միանշանակ ժողովրդի պահանջն է։ Որտեղ հանդիպումներ ենք ունենում, ում հետ հանդիպում ենք բոլորի հույսն ու հավատը կապված է Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ։ Ժողովրդի վստահությունը հավատ է տալիս մեզ, որ միանշանակ այս ընտրություններում մենք հաղթելու ենք։

Խոսքը իշխանություն ձևավորելու մասին է՞։

Այո և վարչապետի մեր թեկնածուն լինելու է Գագիկ Ծառուկյանը։

Այս ընթացքում ԲՀԿ-ի հասցեին հնչում են մեղադրանքներ, որ կա պայմանավորվածություն և խմբակցությունը ունենալով վարչապետ առաջադրելու իրավունք ու հնարավորություն չի օգտագործում։ Ինչո՞ւ չի գնում այդ քայլին։

Քաղաքական պրոցեսներ են ընթանում և միանշանակ մյուս քաղաքական ուժերին ձեռնտու է ամեն կերպ վարկաբեկել ԲՀԿ-ին, բայց մենք ունենք պայմանավորվածություն միայն մեր ժողովրդի հետ, ովքեր պնդում են, որ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և միայն Սահմանադրական ճանապարհով է ճիշտ գալ հանգուցալուծման, իսկ Սահմանադրական ճանապարհը մեկն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

ԲՀԿ-ն ունի՞ մտավախություն, որ իշխանությունը կեղծիքներ կանի և կվերարտադրվի։

Կուսակցությունում թիվ մեկ հարցը, խնդիրը դրված է այն, որ մաքսիմալ շատ շփումներ լինեն ժողովրդի հետ, նրանց խնդիրները արձագանքել և լուծել։ Մենք քաղաքական դիվիդենտներ հավաքելու ճանապարհ երբեք չենք ընտրել և չենք ընտրելու։

Ի՞նչ կազմով է ԲՀԿ-ն գնում ընտրությունների, կլինեն արդյո՞ք կազմում փոփոխություններ։

Դրանք հարցեր են, որոնք հետագայի քննարկման կարիք ունեն։ Այս պահին առաջնայինը՝ ԱԺ-ի լուծարումն ու ընտրությունների կազմակերպումը։ Մյուսները հարցեր են, որոնք հետագայում պետք է քննարկենք և միանշանակ քննարկումների արդյունքների մասին կտեղեկացնենք։

Իսկ ԲՀԿ շարքերը նոր անդամներով համալրվո՞ւմ են։

Միանշանակ։ Ես ինքս օրինակ կարող եմ բերել իմ տարածքի հետ կապված։ Այս ընթացքում մեծ թվով քաղաքացիներ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ԲՀԿ անդամակցության հայտ են ներկայացրել, որը մեկ անգամ ևս տալիս է վստահություն, որ առաջիկայում մենք ունենալու ենք լուրջ հաջողություններ։

Irakanum.am