«Փաստ» օրաթերթը գրում է. «Հիշո՞ւմ եք, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սահմանադրական փոփոխությունների չստացված հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում մետրոյում «հպարտ քաղաքացու անձնագիր»-բուկլետ տվեց մի աղջկա, որը պատռեց այդ բուկլետն ու, քաղաքավարի ասած, վերադարձրեց Փաշինյանին: Ի դեպ, այդ օրը մի քանի շատ կարևոր արձանագրումներ եղան։ Եթե այդ աղջիկը պատռեր այդ բուկլետը, դիցուք, դրանից մեկ տարի առաջ, ապա մետրոյի ժողովուրդը չեմ պատկերացնում, թե ինչ կաներ այդ աղջկան, իսկ այդ օրը ոչ ոք նույնիսկ չնախատեց աղջկան, ավելին՝ նույնիսկ մի քանիսը գոհունակությամբ ժպտում էին: Միայն սոցցանցերում մի քիչ «հոշոտեցին» նրան, հասկանալի է՝ ովքեր:

Նույնանման դրվագներ էին հոգևորականի կողմից Նիկոլ Փաշինյանի ձեռքը օդում թողնելը, զոհված զինծառայողի բարեկամի կողմից գերեզմանին ծաղիկներ դնելու արգելումը և, վերջապես, Փաշինյանի սյունիքյան վերջին տապալված արշավանքը։ Սրանք դրվագներ են, սոսկ դրվագներ, որոնք, սակայն, որոշակի եզրահանգումների տեղիք են տալիս: