Կարմիր շուկայում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման աշխատանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արտակ Բեգլարյանը։

Երկու օր առաջ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ միասին այցելել ենք Թաղավարդ ու Կարմիր շուկա համայնքներ: Ծանոթացել ենք գյուղերի անվտանգային պայմաններին, տեղահանվածների հիմնախնդիրներին և զրույցներ ենք ունեցել մի խումբ բնակիչների հետ:

Շփումների արդյունքում մեզ համար ավելի հստակ են դարձել առկա հիմնախնդիրներն ու բնակիչների մտահոգությունները, ես նրանց եմ փոխանցել տարբեր հարցերի շուրջ գործադիր իշխանության մոտեցումներն ու առաջիկա ծրագրերը: Ուրախալի էր արձանագրել, որ առկա մտահոգությունների ու մարտահրավերների պայմաններում գրեթե ոչ մի դատարկ տուն չկար, և տեղի բնակիչները շարունակում են կյանքը պլանավորել հայրենի գյուղերում:

Ամենակարևոր նորությունն այն էր, որ Կարմիր շուկա համայնքում արդեն մեկնարկել են տեղահանվածների համար կառուցվող՝ ավելի քան 100 բնակարանանոց նոր թաղամասի շինարարական աշխատանքները: Բետոնային հիմքերի կառուցմանը զուգահեռ արագորեն տեղադրվելու են արագ հավաքովի տներ, և, հուսամ, կարճ ժամկետում թաղամասը պատրաստ կլինի բնակեցվելու համար: