«ԻԲԲԻ Արմենիա» մշակութային հասարակական կազմակերպությունը «ԻԲԲԻ Յամադա» հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» խորագրով դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2020-2021 թթ. իրականացրել է «Ընթերցանության խթանման միջոցառումներ և վարպետության դասեր Հայաստանի մարզերում» ծրագիրը, որի նպատակ է խթանել մանկական գրքի տարածումը, ընթերցանության մակարդակի բարձրացումն ու ամրապնդումը մարզերում:

Ընթերցանության խթանման վարպետության դասերն ու միջոցառումներն իրականացվել են Սյունիքի մարզի Գորիսի, Լոռու մարզի Սպիտակի, Արագածոտնի մարզի Ապարանի, Արմավիրի մարզի Էջմիածնի և Տավուշի մարզի Իջևանի քաղաքային գրադարաններում:

Միջոցառումների շրջանակում ժամանակակից մանկապատանեկան գրողների հետ հանդիպմանը մասնակցել են մարզերի կրտսեր և միջին տարիքի շուրջ 500 երեխաներ, իրականացվել է մանկապատանեկան գրքի 4 առկա և 16 առցանց ընթերցումներ ու քննարկումներ:

Փոքրիկ և պատանի գրքասերների հետ հանդիպման ժամանակ մանկապատանեկան ոլորտի գրողներ Աննա Ասլանյանը ներկայացրել է «Գագիկն ընկել է երազների գիրկը», Էդգար Թաթիկյանը՝ «Ձնեմարդը», Օլգա Դարյանը՝ «Խաղողի երկիրը կամ խխունջի, խլուրդի ու խատուտիկի ճանապարհորդությունը», Հովիկ Մխիթարյանը «Սքանչելին» ստեղծագործությունները: Երեխաներն իրենց հուզող բազմաթիվ հարցերն ուղղել են գրողներին և կիսվել ստեղծագործությունների մասին իրենց տպավորություններով: Գրողները սիրով պատասխանել են երեխաների բազմաթիվ հարցերին և շնորհակալություն հայտնել անկաշկանդ հարցադրումների, համարձակ դիտարկումների և հետաքրքիր քննարկումների համար:
«Ընթերցանության խթանման միջոցառումներ և վարպետության դասեր Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Գորիսի, Լոռու մարզի Սպիտակի, Արագածոտնի մարզի Ապարանի, Արմավիրի մարզի Էջմիածնի, Տավուշի մարզի Իջևանի քաղաքային գրադարաններում ստեղծվել են ընթերցանության անկյուններ, գրադարանները համալրվել են գրապահարաններով և նոր գրքերով:

Տեղի գրադարանավարների համար իրականացվել են «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» թեմայով վարպետության դասեր, որին մասնակցել են շուրջ 50 գրադարանավարներ:

Նյութը՝ Ա. Սերոբյանի