Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն այսօր Կազանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Մենք նաև ակտիվ համատեղ աշխատում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ։ Հայկական կողմին ենք փոխանցել T-համակարգերը, ռեագենտները, ընթանում է ռուսաստանյան Սպուտնիկ –V պատվաստանյութի տրամադրումը։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել, որ Հայաստանն ակտիվորեն կիրառում է Զարգացման եվրասիական բանկի կողմից մշակված «Ճամփորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածը՝ Ռուսաստան քաղաքացիների այցերի համար։ Դա շատ լավ միտում է։ Մենք դյուրացնում ենք մեր քաղաքացիների փոխադարձ տեղաշարժի բոլոր ընթացակարգերը։

Ակտիվ համագործակցում ենք նաև ԵԱՏՄ-ում։ Բոլոր չորս ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի հարցերը, այսօր մեր օրակարգում են։ Վստահ եմ, որ եվրասիական ինտեգրման խորացումը համապատասխանում է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիների, ձեռնարկատերերի շահերին»,- նշել է նա: