ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ դրամ կուղղվի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի իրականացմանը: Այդ մասին որոշումն ընդունվեց այսօր՝ ապրիլի 29-ի կառավարության նիստում:

Ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր։ Նախատեսվում է լուծել  Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին հասցնել Երևան քաղաքում առաջնահերթ ծրագրի իրականացումը:

2019 թվականին ընդունվեց Կառավարության N 1666-Ն որոշումը, որի նպատակն է 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած,  ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց մշտական բնակարանով ապահովումը։

2019 թվականին ընդունված որոշմամբ սահմանված ծրագիրը, հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը, իրականացվում է փուլային եղանակով։

Ծրագրի  առաջին փուլն  ուղղված էր լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած  ընտանիքների  բնակարաններով ապահովման խնդիրը։ Ընթացքի մեջ  է ծրագրի երկրորդ փուլը, որով  բնակարանների գնման վկայագրեր են  տրամադրվում  Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող  շահառուներին։

Ծրագրի երկու փուլերի շրջանակներում ընդհանուր առմամբ հատկացվել է 183 բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 44 տոկոսը (81 վկայագիր) իրացված է, իսկ մնացածը գտնվում են իրացման փուլում: