ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Աննա Գրիգորյանը Աժ ամբիոնից անդրադարձավ նախ պատգամավորների խոսքի «էսթետիկային», հետո էլ, երևի ինձ նկատի ունենալով, ասաց, որ պատգամավորը չպիտի ասի, թե ով ինչպիսինը պիտի լինի կամ չլինի։

Նախ պիտի տիկին Գրիգորյանին տեղեկացնեմ, որ իր ու իր քաղաքական պատրոնի վերբալ էսթետիկան գնահատելու հնարավորություն բոլորս ունեցել ենք Ագարակի հայտնի միջադեպի ժամանակ, երբ խուժանը բնակելի շենքերի բակերում կանանց ու մանկահասակ երեխաների ներկայությամբ ամենանողկալի հայհոյանքներն էր գոռում։

Հաջորդիվ պիտի հիշեցնեմ, որ ես իմ խոսքում չէի ասել, թե ինչպիսինը պիտի լինի կամ չլինի սյունեցին, ես ասել էի, թե սյունեցին ինչպիսինը ՉԷ։ Ու շարունակում եմ պնդել՝ սյունեցին հայհոյող խուլիգանախումբ չէ։

Կյանքումս առաջին անգամ տևական ժամանակ Սյունիքում եմ անցկացրել, երբ զինվորական ծառայությանս ընթացքում ծայրաստիճան ծանր թոքաբորբով տեղափոխվել եմ Սյունիք՝ Սիսիանի զինվորական հոսպիտալ։ Այնտեղ՝ հոսպիտալում, ես շրջապատված եմ եղել եզակի պարկեշտ, բարեկիրթ ու իրենց գործի նվիրյալ մարդկանցով՝ բուժաշխատող սյունեցիներով, որոնց ցայսօր շնորհակալ եմ։

Էդպիսինն են իմ ճանաչած սյունեցիները՝ բարեկիրթ, պարկեշտ գործի նվիրյալներ։

Երեք թե չորս օր առաջ էլ Սյունիքում էի ու նորից համոզվեցի պատկերացումներիս մեջ։

Իհարկե, լավ եմ հասկանում, թե ինչ են փորձում անել ինքնահռչակ Մուհամմադ Ալիներն ու նրանց սպասարկու-սեկունդանտները, բայց նրանց դա չի հաջողվելու․ սյունեցին մեզ համար, մեր աչքերում միշտ էլ լինելու է այն, ինչ կա․ պարկեշտ, բարեկիրթ, իր հողն ու հայրենիքը սիրող քաղաքացի, այլ ոչ թե օլիգարխական կլանի սպասարկու խուլիգան։

Տիկնայք ու պարոնայք, ձեզ չի հաջողվելու մեր աչքերում կերտել խուլիգան սյունեցու կերպար հետո էլ գնալ սյունեցուն ասել , թե տես, սրանք մտածում են, թե դու վատն ես, խուլիգան ես, ու այսպիսով սեպ խրել ու առանձնացնել սյունեցիներին։

Հայաստանը միասնական է ու սյունեցին միասնական Հայաստանի հենարաններից է»,- գրել է նա։