Լավ կաներ Արայիկ Հարությունյանը գար Շուռնուխ, մեզ հետ միասին նստեր ու քննարկեր, թե ինչ է տեղի ունեցել։ Զարմանում եմ՝ մարդը կարող է մասնակցի ընտրություններին, հաղթի, երդում տա ու ասի՝ գիտեք ինչ, ինձ հետ հավասարազոր մեղավոր է նաև ընդդիմությունը կամ ժողովուրդը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։

«Պետք է տխմարներին ասել, որ, եթե ժողովուրդը մեկին իշխանության է բերում, այդ մարդը ստանձնում է բոլոր խնդիրները լուծելու պարտավորություն՝ պետության և ժողովրդի անունից։ Եթե որևէ մեկը լցրել է տակը, փախել է պատերազմի ճակատից, հանձնել է հողը թուրքին ու ասել՝ գիտես, ընդհանուր միասնական տեսակետ չկա… Ես Արայիկ Հարությունյանին ասում էի՝ տղա ջան, ոնց ես արտգործնախարար նշանակում սորոսական Մասիս Մայիլյանին, մինչև հիմա էլ պահում է աշխատանքի, որը մեր ռազմավարական գործընկերոջ երկիր գնալու իրավունք չուներ, մուտքը փակ էր։ Երբ ԱԽ քարտուղար է նշանակում Սյամո Բաբայանին, որի մուտքը ևս արգելափակված է ՌԴ։ Երբ այդ մարդուն բազմաթիվ անգամներ ասում էի՝ ում եք դեմարշ անում, ասում էր՝ մեր օդը փակ է, ես ու Նիկոլը փակել ենք։ Բա որ օդը փակել էին, բա ընդդիմությունն ասում էր՝ օդը փակված չի, որ դուք եկել եք Արցախը ծախելու, հիմա էլ ասում եք՝ ընդդիմությունը»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը գիտեր, որ նրանք եկել էին Արցախը վաճառելու համար, իսկ կանգնել ասել, թե իշխանությունն ու ընդդիմությունը միասնական կարծիք չունեին՝ ինչ կապ ունի ով ինչ կարծիք ունի, կարևոր է, որ իրենց ու Ալիևի կածիքները համընկել են։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե պատերազմի հետևանքները պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին, սակայն իշխանության և ընդդիմության միջև միասնական կարծիք չի ձևավորվել պատերազմը կանգնեցնելու հարցում.

«Չի ձևավորվել քաղաքական միասնական կարծիք իշխանության և ընդդիմության միջև և, կարծես թե պատերազմը կանգնեցնելը այդ օրը համարում էին դավաճանություն»,-ասել է Արայիկ Հարությունյանը։

Գառնիկ Իսագուլյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Ա.Հարությունյանը փորձում է օգնել, որ այստեղ իշխանության մնան թուրքերը, որ ինքն էլ այնտեղ իր գործունեությունը շարունակի՝ հանձնի Արցախի մնացած մասը , Սյունիքը։ Ցանկանում են իրենց ծրագիրը մինչև վերջ հասցնել։

Իսագուլյանը նշեց, որ հիմա գտնվում է Շուռնուխում, մարդիկ ահ ու սարսափի մեջ են ապրում, իսկ Նիկոլի և Արայիկի քարոզչությունը Սյունիքով մեկ այնպիսի սարսափելի բաներ են տարածում, որ մարդիկ համաձայն են ամեն ինչ տան, միայն թե իրենց երկրորդ երեխան չզոհվի։

«Տարածում են, թե, եթե նոր իշխանությունները գան հանկարծ, նոր պատերազմ է սկսվելու, այ քո երեխան զոհվել է, երկրորդն էլ է զոհվելու, դրա համար պետք է Նիկոլը մնա, Արայիկն էլ՝ Արցախում մնա, որ հանկարծ էդ հողերը չհանձնեն, երկրորդ որդին էլ՝ չզոհվի»,- նշեց նա՝ հավելելով, որ սյունեցին այսօր այնպիսի ծանր հոգեբանական իրավիճակում է, որ մտածում է, որ այլևս ի վիճակի չէ իր տունը պաշտպանել, իսկ քանի որ ի վիճակի չէ, գոնե իր երկրորդ որդին ողջ մնա, չզոհվի։

«Հիմա՝ ինչ կասի Արայիկ Հարությունյանը, ինչ կասի՝ Նիկոլը, հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի»,- նշեց Իսագուլյանը։

Իսագուլյանի խոսքով՝ Դավիթ Բեկից հետո միայն ադրբեջանական դրոշներ են, հայկական դրոշ չկա, ամենուրեք բարձրացված են 50 մետրանոց ադրբեջանական դրոշները։

«Պատկերացրեք՝ այս ճանապարհով գնացող-եկող մարդկանց բարոյահոգեբանական վիճակը։ Հենց հիմա՝ Շուռնուխում հայն իր տանը փոքր հայկական դրոշ է դրել, որ իմանան հայկական է, կողքը՝ էլի ծածանվում է 50 մետրանոց ադրբեջանական դրոշը։ Մարդը վախենում է, իր անասունը, հավը ճանապարհն անցավ՝ արդեն իրենը չի։ Այդ մարդն այլևս երկար չի մնա»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիներն ինչ ուզեն, կարող են անել, ոչ մի տեր չկա, ոչ մի հայկական զինվոր չկա, ռուսները մեկ Դավիթ Բեկում են կանգնած, մեկ՝ ճանապարհի վերջում ։

«Պատկերացրեք՝ հայի հոգեվիճակը, որ անցնում է անտառի միջով։ Ցանկացած պահի, եթե դեմդ կտրեն, կասեն՝ մեր տարածքն է, ինչ կուզենք՝ կանենք, դուք էլ օկուպանտ եք, ինչու եք մտել մեր տարածք։ Նիկոլը ծախել է հայրենիքը՝ Արայիկի հետ, այս պահին ես գտնվում եմ Ադրբեջանի տարածքում՝ ըստ Նիկոլի»,- նշեց Իսագուլյանը։