«Արցախի ներկան և ապագան» խորագրով հանդիպումների շրջանակում ապրիլի 29-ին Արցախի պետական համալսարանում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, գրում է «Արցախպրեսը»։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Արցախի պետհամալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել է նման ձևաչափով հանդիպումները քաղաքական գործիչների հետ:

Ռեկտորը Ա. Ղուլյանին պարգևատրել է բուհի 50-ամյա գործունեությանը նվիրված մեդալով: Այնուհետև Աշոտ Ղուլյանն իր ելույթում անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին՝ ներկայացրել անելիքների, սպառնալիքների, նոր մարտահրավերների մասին իր անձնական տեսակետը՝ նշելով, որ պետք է քաղաքական ճիշտ մշակույթ ձևավորել՝ զերծ մնալով ծայրահեղություններից:

Այն հարցին, թե ինչ է փոխվել արցախցիների կյանքում, Ա. Ղուլյանը նշել է, որ ամեն ինչ՝ սկսած տրամադրությունից:

«Մեծ հաշվով՝ փոխվել է անվտանգության այն միջավայրը, որում մենք գտնվում էինք մինչև 2020 թվակնի սեպտեմբերի 27-ը: 44-օրյա պատերազմի արդյունքում կարծես թե ռազմաքաղաքական, տեխնիկական առումներով ունեցանք մի քանի անսպասելի զարգացումներ»,- ասել է Ղուլյանը:

Աշոտ Ղուլյանը թվարկել է նաև այն կետերը, որոնք մտահոգիչ է համարում հանրության համար. առաջինը հայրենիքի պաշտպանությունն է՝ Արցախում ապրող մարդկանց անվտանգությունը, բարեկեցության, խաղաղության ապահովումը՝ առաջնահերթ սեփական ուժերով և հայոց հզոր բանակով:

Ըստ Ա. Ղուլյանի՝ Արցախը պետք է լինի համահայկական պետականության առանցքում. համազգային բոլոր միջոցառումների կենտրոնը պետք է դառնա Արցախ աշխարհը:

Խոսելով սպառնալիքների մասին՝ ԱՀ ԱԺ նախկին նախագահը նշել է, որ առաջին խնդիրը պատերազմի վերսկսման հավանականությունն է, քանի որ թշնամին թուրքն է, ում երբեք չպետք է վստահել: Պատերազմը միայն ռազմադաշտում չէ, այն ամենուր է: Ա. Ղուլյանն իր խոսքում մասնավորապես առանձնացրել է այն կետերը, որոնք լուրջ սպառնալիքներ են. «Արցախի անորոշ կարգավիճակը պետք է հստակեցվի: Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերի ապահովը տարածաշրջանում լուրջ մտածելու առիթ է բոլորիս համար: Ահաբեկիչների ներկայությունը ևս մեծ սպառնալիք է, և պետք է հակաահաբեկչական քայլեր ձեռնարկել: Արցախն ունի լուրջ դաշնակիցների կարիք: Պատերազմի արդյունքում մենք հասկացանք, որ տեխնոլոգիական և գիտական պատրաստվածության մակարդակը ցածր է: Մենք այսօր ունենք ոչ պրոֆեսիոնալ կառավարման համակարգ, կոռուպցիա, միգրացիոն հոսք Արցախից, հանրային անվտանգության չիմացություն: Սրանք հարցեր են, որոնք պետք է օր առաջ լուծում ստանան»:

Ելույթից հետո դասախոսները և ուսանողները հանդես են եկել հարցադրումներով, կիսվել մտահոգություններով: