ՀՅԴ-ական գործիչներ Գեղամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը եւ Գերասիմ Վարդանյանը Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարցաքննվելու են կասկածյալի կարգավիճակով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողներին ասաց Արծվիկ Մինասյանը։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ այսօր՝ առավոտյան է ստացել ծանուցագիրը. «Աշխատանքային ժամին բերել էին տուն։ Գոռ Աբրահամյանը պատճառաբանել էր, թե տեխնիկական վրիպակ է եղել, բայց Քանաքեռի թաղայինն է բերել, նա իմ տեղը շատ լավ գիտեր, դժվար թե տեխնիկական վրիպակ լիներ։ Գոռ Աբրահամյանը պարզաբանում է տվել կապված փաստաբանի հայտարարության հետ, թե Իշխան Սաղաթելյանը եւ Տարոն Տոնոյանը չեն կանչվել հարցաքննության մանիպուլյացրել էր, որովհետեւ Սաղաթելյանն այսօր կանչվել է հարցաքննության մեկ այլ գործով ՀՔԾ-ում, իսկ Տարոն Տոնոյանը 16։30-ին մեկ այլ գործով է կանչվել հարցաքննության։ Գեղարքունիքի մարզում Նաիրին է, Սաղաթելյանի եղբայրն ու զարմիկն են կանչվել հարցաքննության»։

Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ ինքն ավելի վաղ է ստացել ծանուցագիրը, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում. «Սա այն գործի շրջանակներում է, երբ դատախազը եւ դատախազության պատասխանատուները ցուցաբերեցին բացահայտ անհարգալից վերաբերմունք մեր քաղաքացիների պահանջների նկատմամբ։ Այն դեպքում երբ «Հեղափոխության պահապանների» մի քանի անդամներ հավաքվում են դատախազության մոտ, դատախազը պատիվ էր անում, իջնում ու բացատրություն էր տալիս։ Այս դեպքում երբ խոսքը գնում է հերոսական սյունեցի ժողովուրդների իրավունքների ոտնահարման, բռնի բերման ենթարկելու ապօրինություններով մարդկանց ազատությունից զրկելու գործընթացներին, երբ հազարավոր քաղաքացիներ պահանջում էին՝ իջնել ներքեւ եւ բացատրություն տալ, նրանք ոչ միայն անտարբերության մատնեցին, հետո նրանց անտարբերության պատճառով տեղի ունեցավ այն քաղաքացիական անհնազանդությունը, որն արժանացավ ոստիկանության բիրտ ու ապօրինի գործողություններին։ Այս գործընթացի մեջ հիմա մեզ ներգրավվելը նշանակում է, որ կազմակերպված ձեւով քաղաքական հետապնդումը շարունակվում է»։

Արծվիկ Մինասյանն այս գործընթացը համարեց որպես քաղաքական հետապնդում. «Ես օգտվելու եմ լռելու իմ իրավունքից, որովհետեւ այն, ինչ իրենք անում են, անպատվաբեր գործ է»։

Գերասիմ Վարդանյանն էլ իր հերթին ասաց, որ ինքը ծանուցումը ստացել է երեկ՝ երեկոյան 20։00-ին՝ Դաշնակցության Արտաշատի գրասենյակի դիմաց. «Նույն գրասենյակի դիմաց, որը մի քանի օր առաջ ուղղակի շրջափակված էր ոստիկանական ուժերի կողմից ու գրասենյակից դուրս եկող մեր կուսակցականներին միանգամից բերման էին ենթարկել՝ տարբեր պատճառաբանություններով։ Նրանք իմ տան հասցեն գիտեն, այդ ծանուցագիրը հանգիստ կարող էին տանը տալ։ Եթե մտածում են, թե սրանով մեզ վախեցնելու են, շփոթվում են։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, գործողության։ Սա դիտարկում եմ որպես քաղաքական ճնշումներ։ Այսօրվա քաղաքական իշխանությունները հայության հետ կապ չունեն, լավ գիտենք, որ այս պահին աշխարհում կրկին վերակենդանանում է օսմանիզմը, իսկ այս օսմանահպատակ իշխանությունները, որոնք ծառայում են թուրքական շահին, նրանց կողմից մեր դեմ իրականացրած ցանկացած գործողություն դիտարկում եմ որպես թշնամու կողմից իրականացված գործողություն»։

Հիշեցնենք, որ այդ առնչությամբ փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նրանց հարցաքննության կանչելը պայմանավորված է ՀՀ գլխավոր դատախազության մոտ այսօր բողոքի ակցիա կազմակերպելով։

Փաստաբան Գալստյանի այդ գրառման վերաբերյալ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել էր, որ նրանք քննչական գործողությանը իրենց մասնակցության մասին տեղեկացված են եղել դեռեւս ապրիլի 27-ից, ինչը նշանակում է, որ չի կարող ծանուցագրերի փոխանցումը, հարցաքննությունների հրավիրվելը որեւէ կերպ պայմանավորված լինել Դատախազության առջեւ նախատեսված ակցիայի հետ: