Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի պնդմամբ, սյունեցիների բողոքի ցույցերը նախկին իշխանությունների հետ ոչ մի առնչություն չունեն: Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի պնդումներին, թե ցուցարար սյունեցիները Ռոբերտ Քոչարյանի ադեպտներն էին ու Սյունիքում որոշել էին «շեֆին նախընտրական անակնկալ մատուցել՝ վերջինիս սիրած ատրիբուտներով՝ լկտիությամբ, հայհոյանքներով»՝ Շուռնուխի գյուղապետն ասաց. «Ռոբերտ Քոչարյանի կամ ինչ-որ մեկի գործոնը հաստատ չի եղել, մարդիկ ինքնաբուխ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել: Նախկին իշխանություններին ներկայացնում են՝ բոբո ձյաձյաներ են, նախկիններ, հա նախկիններ, բա թե հեսա Ռոբերտ Քոչարյանը գալու է ձեզ ուտի, ես էլ եմ նախկին կոչվում իրենց համար, նախկին, սեւ, թե մանուշակագույն, համենայնդեպս, իրենց ասելով՝ սպիտակ չէ… այս անհիմն զրույցներով ժողովրդի միտքն են փորձում շեղել»:

Շուռնուխի գյուղապետի խոսքով, իր համար ընդունելի չէր սյունեցիների բողոքի այդ ձեւը, բայց , ըստ նրա, ամեն մեկը յուրովի է արտահայտում իր բողոքը. «Կարելի էր մի քիչ այլ ձեւ ներկայացնել, բայց ամեն մեկն ունի իր բնավորությունը, մեկը կոշտ է արտահայռում, մյուսը՝ նուրբ: Կարելի էր առանց հայհոյանքների, բայց ինչքան մարդ, այնքան՝ բնավորություն»:

Իսկ արդյոք սյունեցին հունիսի 20-ի ընտրություններին իր քվեով կջախջախի նախկին իշխանություններին, ինչպես ակնարկել էր Վահագն Ալեքսանյանը, պարոն Արշակյանն այսպես արձագանքեց. «Ընտրությունների օրը կգա, կավարտվի, կհասկանանք: Ինձ թվում է՝ էլի սխալվում է, որովհետեւ սյունեցիներին շատ են նեղացրել, հանձին՝ ինձ: Այո՛, այս իշխանությունից նեղացած եմ, իրենք ճիշտ վերաբերմունք չեն ցուցաբերել սյունեցուն, շուռնուխցուն: Իմ քայլական պատգամավորներն ամեն մեկն իր տեղից վեր է կենում ու իր կարծիքն է հայտնում, բայց նրանցից ոչ մեկը չեկավ, չտեսավ Շուռնուխում որը, որից հետո է»:

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն էլ Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցական բջիջ չի տեսնում համայնքում. «Այնտեղ տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ կային, թող մարդկանց վստահեցնեն, որ այդ միջանցքը չի լինելու, մեր հողի վրայով առանց մեր պետության ընթացակարգերը անցնելու ելումուտ չի լինելու, եթե այդ դեպքում նորից շարունակվեն բողոքները, այդ ժամանակ կարող էին ուրիշ պատճառ փնտրել, թե ում հետեւորդներն են… ինձ համար ընդունելի չէր բողոքի արտահայտման այդ ձեւը, հայհոյանքը, բնականաբար, ընդունելի չէր, բայց պետք է հաշվի առնել էմոցիոնալ ֆոնը, կիրթ հարեւանն անընդհատ ասում է ,արդեն մամուլուվ էլ տեսնում ենք, որ սկսել է կառուցել ճանապարհ ու երկաթգիծ, հայտարարում է , որ միջանցք է լինելու, եթե լավով չթողնեն, ուժով է անցկացնելու. այս հայտարարությունների վերաբերյալ թող հակադարձեին, հստակություն լիներ, մարդկանց մոտ ավելի հանգիստ իրավիճակ կլիներ»:

Հակադարձելով պատգամավորի հայտարարությանը, թե «Սյունեցին հունիսի 20-ի ընտրություններին ցանկապատված սավաննաների առյուծների ու բիզոնների ահուսարսափին իր տեղական ադեպտների հետ ջախջախելու է իր քվեով», Մեղրիի քաղաքապետն ասաց. «Անշնորհակալ գործ է ընտրությունների արդյունքները կանխատեսել, ժողովուրդը կգնա, ըստ իր նախասիրության, կքվեարկի, իսկ եթե իրենք ասում են՝ ջախջախելու են , չգիտեմ՝ ում են ջախջախելու, բայց լավ կլինի իրենց այդ էներգիան ուղղեն մեր արտաքին թշնամիներին, այդպես դուխով կիրթ հարեւանին պատասխանեն, ջախջախեն նրա նկրտումները»:

Irakanum.am