Ադրբեջանական հարձակումներն ուղեկցվել են դաժանություններով ու գլխատումներով: Այս մասին ասվում է  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հատուկ զեկույցում ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության բարձրաստիճան ֆորումին:

«2021թ. ապրիլի 28-ի ելույթում Պաշտպանն անդրադարձել է ադրբեջանական զինված հարձակումներին Արցախի նկատմամբ, որի ժամանակ թիրախային հարվածներ են հասցվել խաղաղ բնակչությունը: Թիրախավորվել են կանայք ու երեխաներ, խախտվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը: Ավելին, Ադրբեջանը պատերազմ է սկսել ուժի բացառման միջազգային կոչերի, այդ թվում՝ COVID-19-ի ընթացքում պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ պահանջի կոպիտ խախտմամբ:

Ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, գլխատումներով ու խոշտանգումներով ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական գերիների նկատմամբ:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել, թարգմանվել ու վերլուծվել են ավելի քան 300 տեսանյութեր ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, այդ թվում՝ կենդանի մարդկանց գլխատումներ, մասնատումներ, խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի դեպքեր: Բոլորն ուղարկվել են միջազգային իրավապաշտպան կառույցներին:

Պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականությունը: Դրա ապացույցներից է նաև Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:

Արման Թաթոյանը նշել է, որ ցավոք, այս բոլոր փաստերը միջազգային քաղաքակիրթ հանրությունը դեռ պատշաճ գնահատականի չի արժանացրել, իսկ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» հռչակած «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» կանոնը մեզ համար չդարձավ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք, քանի որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը տեղի չունեցավ քաղաքական պատճառներով:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել միջազգային մարդասիրական իրավունքի իրագործման խնդիրները, մասնավորապես, խախտումների ազդարարման եղանակները, ժամանակակից աշխարհում մարտահրավերները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային մարդասիրական իրավունքի ընդհանուր սկզբունքների և կարգավորումների մասին հանրությանը և առանձին խմբերին իրազեկելու կարևորությունը:

Արման Թաթոյանը նշել է, որ իր ելույթում արձանագրված բոլոր փաստերը հիմնված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական անկախ հաստատության փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված օբյեկտիվ և հավաստի ապացույցների վրա:

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեn, ՀՀ ՊՆ-ն և այլք»: