«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը հոդված է
հրապարակել, որում անդրադառնում է Բաքվում գտնվող հայ ռազմագերիների ցավոտ
հարցին:

Irakanum.am-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև:

Ռազմագերիների հարցը մեզ համար ամենացավոտն է։ Մեր հասարակությանը մաշող ամենաառաջնային  այս հարցը պետք է օր առաջ հանգուցալուծում ստանա՝ մեր տղաների տունդարձով։  Բայց, ավաղ, մեզ բախտ չի վիճարկվել ունենալ ազնիվ թշնամի: Հասկանալով, որ ռազմագերիների հարցը մեր հասարակության բաց ու արյունահոսող վերքն է՝ թշնամի Ադրբեջանը վարում է անմարդկային խաղ՝ այս հարցն օգտագործելով նախևառաջ ՀՀ գործող
իշխանությունների վրա ազդեցություն ունենալու համար։ Ու չնայած՝ ռազմագերիների,  պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին  դրույթը 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված էր, Ադրբեջանը իրեն հատուկ ձևով խախտում է բոլոր պայմանավորվածությունները՝ փորձելով մեզնից կորզել այն ինչ հնարավոր է: Մասնավորապես խոսքը Սյունիքով անցնող  տնտեսական  միջանցքի և դրան առնչվող այլ հարցերի մասին է։ Թշնամի Ադրբեջանը հենց սկզբից է հրաժարվել կատարել «բոլորը բոլորի դիմաց» պայմանավորվածությունը, սա իր ծրագրի մի մասն է, որով ստիճանաբար փորձում է  ապակայունացնել Հայաստանի՝ առանց այդ էլ պայթյունավտանգ ներքին վիճակը՝ յուրաքանչյուր անգամ ալեկոծելով գերության մեջ գտնվող տղաների ճանապարհին աչքը ջուր կտրած ծնողների ու հայ հասարակության սրտերը: Իսկ Հայաստան եկած դատարկ ինքնաթիռից հետո մարդիկ ավելի ու ավելի հուսահատվեցին:

Մեր Իշխանությունները չպետք է խաղան թշնամու խաղի կանոններով: Այն պարագայում, երբ ռազմագերիների ցուցակը չի հրապարակվել, մեր զինվորների կյանքի համար պայքարը պայքար է հողմաղացների դեմ: Դեռ կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելու ժամանակ, լավ իմանալով՝ ինչ հակահումանիստական պետության հետ գործ ունենք, մեր իշխանությունները պետք է կանխատեսեին այս ամենն ու կանխեին բոլոր հնարավոր խնդիրները՝ աստիճանաբար գնալով դեպի հարցի լուծմանը։

Իսկ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ ունենք ռազմագերիների հարցը լուծելու առաջնային խնդիր, սակայն դրա լուծումը չպետք է լինի մեր հայրենիքի ևս մի մասի՝ Սյունիքի կորստով. Սյունիքը չի կարող լինել սակարկության առարկա: Մեր ազգի զավակները պայքարել են, իրենց արյունն են թափել մի բուռ այդ հողի համար։ Ուրեմն՝
տարածքային հարցերը չպետք է լինեն այս հարցի լուծման համատեքստում:

Հայաստանը պետք է ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրի միջազգային հանրության ուշադրությունը գրավելու Ադրբեջանի հակահոմանիստական այս քայլի վրա և հասնի այն արդյունքին, որ միջազգային հանրությունը գործուն քայլեր ձեռնարկի այս հարցի լուծման ուղղությամբ։ Ռազմավարական մեր գործընկերոջ և դաշնակցի՝ Ռուսաստանի դերը՝ որպես համընդհանուր անվտանգությունն ապահովող միջնորդի, նույնպես շատ կարևոր ու մեծ է։ Անհրաժեշտ է օգտագործել մեր ամբողջ ռեսուրսը՝ հարցի լավագույն լուծումը գտնելու համար։

Ամփոփելով՝ Հայաստանը պետք է դառնա բանակցության սուբյեկտ, այլ ոչ օբյեկտ։ Դրա համար անհրաժեշտ է մեր ռեսուրսները կապիտուլացնենք բոլոր խաղացողների հետ փոխգործակցություն հաստատելու համար։  Եվ որպես վերջաբան. վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ռազմական և քաղաքացիական անձինք են մահանում ականների պայթյուններից: Սա այն պատճառով, որ Ադրբեջանի ձեռքի տակ չկան ականապատված տարածքների ամբողջական քարտեզները։ Իսկ Հայաստանն ունի այդ քարտեզները և մենք կարող ենք գնալ «կյանք կյանքի դիմաց» ճանապարհով։ Այլ խոսքով՝ պետք է օգտագործել մեր ամբողջ արսենալը,  քաղաքական կապիտալը հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու համար։