«Ճիշտն ասած՝ չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը, քննությունը կպարզի»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ (օպերատիվ գծով) Արթուր Զաքարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե Գորիսի քաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ իր աշխատասենյակում ինչ բռնություն է կիրառվել: Արթուր Զաքարյանը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի, ասաց՝ խորհդակցության է մասնակցում: «Քննությունը միանշանակ կպարզի իրողությունը, իսկ այն, որ ինքն ասում է՝ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, շատ լավ էլ գիտի՝ ինչի մասին է խոսքը, այսինքն, իր կաբինետում ինչ-որ բան է եղել, ինքը տեղյա՞կ չէ, եթե տեղյակ չէ, ուրեմն ինքը անտեղյակ մարդ է ու իրավունք չունի այդ համակարգում աշխատել, իսկ եթե անտեղյակ է, թող գնա ուրիշ գործով զբաղվի»,- Irakanum.am-ի հետ զրույցում Արթուր Զաքարյանին հակադարձեց Գորիսի փոխքաղաքապետը: Մեր հարցին, թե ինչ նկատի ունեք, երբ ասում եք՝ ձեզ խոշտանգել են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ մանրամասնի, լկտի, անբարոյական պահվածքի մասինէ խոսքը: Իրենք փորձել են շոու ցոյց տալ, բայց շոուն չի հաջողվել»: Փոխքաղապետն ասաց, որ իր նկատմամբ կիրառվել է նաեւ ֆիզիկական բռնություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Իսկ այսօր Երեւան քաղաքի վարչությունում իր մասնակցությամբ ՀՔԾ քննիչի կատարած տեղազննության ժամանակ, ըստ փոխքաղաքապետի. «Տեղազննությոնով գնացի, կանգնեցի նույն այդ ստախոս, որ ասում է՝ ես տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, նույն այդ սուտ խոսող անձնավորության աշխատասենյակի մոտ, հո օդից չգնացի, կանգնեցի իր աշխատասենյակի մոտ»: Ինչ վերաբերում է Ոստիկանությունում ստացած վնասվածքին, ասաց՝ հիմա ամեն ինչ նորմալ է: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին, Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով բերման ենթարկված Մենուա Հովսեփյանը պնդում է, որ Ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն է կիրառվել: Այդ մասին նրա փաստաբանը ՀՔԾ-ում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ Հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։ Irakanum.am