Հանրապետության նախագահը  չունի Սահմանադրության պաշտոնական մեկնաբանություն իրականացնելու լիազորություն: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին նախագահի աշխատակազմից՝  ի պատասխան այն հարցի, թե արդյոք վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք ունի՞, թե՞ ոչ։ NEWS.am–ը հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2–րդ մասին, ըստ որի Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, հետաքրքրվել էր նաև, թե Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարական ներկայացնելուց հետո վարչապետի պարտականությունները կատարելը արդյոք չի՞ հակասում ՀՀ Սահմանադրությանը։

Ի պատասխան՝ նախագահականից հիշեցրել են` «Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով» , միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ Սահմանադրական դատարանն իր 2020թ. մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշմամբ արձանագրել է, որ կառավարության հրաժարականն ընդունելը (Սահմանադրության 130-րդ հոդված) Հանրապետության նախագահի պարտադիր լիազորություններից է:

Հիշեցնենք, որ ապրիլի 25–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց և հայտնեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով:

Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելու հարցը լուրջ քննարկումների տեղիք է տվել հասարակության՝ հատկապես իրավական հանրության շրջանում։ Իրավաբանների մի մասը պնդում է, որ Սահմանադրության և գործող օրենսդրության ուժով Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և այդ քայլով, նա, ըստ էության, զավթել է իշխանությունը և որ այս ընթացքում նրա կողմից ստորագրված բոլոր որոշումներն առոչինչ են, իսկ հրամանները ենթակա չեն կատարման ՀՀ պետական կառավարման գործադիր մարմինների կողմից։ Մինչդեռ իշխանության ներկայացուցիչները վստահ են, որ գործընթացը համապատասխանում է Սահմանադրությանը։ Վարչապետի պաշտոնավարման օրինականության և առաջիկա ընտրությունների օրինակարգությունն ապահովելու մտահոգությամբ է հանդես եկել անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Վերջինս Փաշինյանի հետ պայմանավորվածության գնացած խորհրդարանական ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին կոչ է արել ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում եւ նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։

«Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում»,–նշել է առաջին նախագահը։

ՍԴ նախկին պաշտոնյան իր հոդվածում հղում կատարելով Սահմանադրությանը՝ արձանագրել էր, որ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի։ Ըստ Ղազարյանի՝  այդ ողջ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնազրկվի և ստանա ՀՀ սովորական քաղաքացու կարգավիճակ։