Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը Բնապահպանական կոնվենցիաների գլխավոր քարտուղարներից, միջազգային կազմակերպություններից և գործընկերներից դեռևս ակնկալում է գործնական առաջարկներ և հստակ քայլեր Արցախյան վերջին պատերազմի  ընթացքում կիրառված  արգելված զինատեսակների արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասի համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու ուղղությամբ։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին շրջակա միջավայրի նախարարությունից։

Հիշեցնենք, որ 2020–ի նոյեմբերի 3–ին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը  համապատասխան գրությամբ դիմել էր բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին Արցախի շրջակա միջավայրի և Արցախի բնակչության դեմ կիրառված սպիտակ ֆոսֆոր պարունակող հրկիզվող զինատեսակների առնչությամբ։ NEWS.am-ը նախարարից հետաքրքրվել էր, թե պատերազմի ընթացքում և դրանից հետո միջազգային բնապահպանական կառույցներն ի՞նչ քայլեր են ձեռնարկել՝ ՀՀ և ԱՀ տարածքում արգելված զինատեսակներ (այդ թվում ֆոսֆորային նյութեր պարունակող) և միջոցներ կիրառած Ադրբեջանին պատասխանատվության կանչելու ուղղությամբ, և արդյոք ֆոսֆորային զինատեսակի կիրառման առնչությամբ միջազգային բնապահպանական կառույցների արձագանքը համարում է համարժեք։

«Մինչ այժմ ստացված արձագանքները պարունակում են համերաշխության և երկուստեք խաղաղ գոյակցությանը միտված կոչեր, ինչը բավարար չէ Արցախի խաղաղ գործընթացի առաջ մղման, ինչպես նաև այդ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համար»,–ասված է նախարարության պատասխանում։

Անդրադառնալով պատերազմի արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասի չափին և բնապահպանական վնասները վերականգնելու ուղղությամբ իրականացվող քայլերին՝ նախարարությունից շեշտել են. Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կիրառած միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքները, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքերը անուղղակի վնաս են հասցրել Հայաստանի և Արցախի շրջակա միջավայրին՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի կայուն աղտոտում։ «Արցախի դեմ հրահրված պատերազմի հետևանքով Ադրբեջանի թշնամական գործողությունները հանգեցրել են «Հայանտառ» ՊՈԱԿ–ի ենթակայության տակ գտնվող անտառների հրդեհմանը։ Մասնավորապես, «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում գրանցվել է 25 հա անտառածածկ տարածքում։ Հրդեհի պատճառած վնասը հնարավոր է ճշտել միայն տարածքի ականազերծման աշխատանքների ավարտից հետո։ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի «Շիկահող» պետական արգելոցում ընդհանուր առմամբ այրվել է 55,91 հա տարածք։ Տավուշի մարզում արգելված զինատեսակների կիրառման  արդյունքում  հրդեհվել է  «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 100 հա տարածք, որից 70–ը եղել է անտառածածկ տարածքում։ Արդյունքում մինչև աճի դադարեցման աստիճան այրվել է 59 ծառ 108,66 խորանարդ մետր ծավալով։ Բնապահպանական վնասի ամբողջ չափը դեռ ենթակա է մոնիթորինգի և գնահատման»,–հայտնել են նախարարությունից։

Նշենք, որ ներկայացված տվյալները վերաբերվում են բացառապես Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներում ֆոսֆորային զինատեսակի կիրառման արդյունքում հասցված վնասներին։ Արգելված զինատեսակների կիրառման արդյունքում Արցախի անտառներին հասցված վնասն անհամեմատ ավելի մեծ է։ Փաստացի, միջազգային բնապահպանական կառույցները աչք են փակում ֆոսֆորային զինամթերքով Հայաստանի և Արցախի շրջակա միջավայրին հասցված լրջագույն բնապահպանական խնդիրների վրա, մինչդեռ  ֆոսֆորային զենքի օգտագործումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում։ Նման իրավիճակում հայկական կողմը պետք է ավելի լայն թափով փաստահավաք առաքելություն իրականացնի և կոնկրետ ապացույցներով կներկայացնի ոչ միայն ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Հայաստանի և Արցախի  շրջակա միջավայրին հասցված վնասերը, այլևս բարձրաձայնի միջազգային բնապահպանական կառույցների անգործության և անտարբերության մասին։