Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 77 պատգամավոր:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:

Նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարությունը տեխնիկական մի քանի առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունվել են: Նա նշեց, որ իր առաջարկությամբ նախագծից հանվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու մասին դրույթը: Ըստ Հովակիմյանի՝  այդ դրույթի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ, մասնավորապես՝ այն կարող է երկակի մեկնաբանությունների կամ տարընթերցումների տեղիք տալ:

Հեղինակը հայտնեց, որ նախագծում լրացվել է նաև, որ լռության օրը և քվեարկության օրը համացանցով քարոզչություն կատարելու համար նույնպես վարչական տույժ է սահմանվում: