Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատերազմի արդյունքները պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել. «Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»։ Անդրադառնալով Հարությունյանի հայտարարությանը՝ պատերազմի օրերին Հարությունյանի հատուկ հանձնարարություների գծով ներկայացուցիչ  և Արցախի Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանն ասաց, որ այդ հայտարարությունը համարում է հակատրամաբանական․

«Քանի որ արդեն պաշտոնյա չեմ, իմ կարծիքով, արդեն կարող եմ իմ մտքերը ազատորեն արտահայտել, և ես կարծում եմ, որ նա հակատրամաբանական, տրամաբանությունից դուրս հայտարարություն է արել, որովհետև եթե նա հայտարարում է, որ հոկտեմբերի սկզբին պետք էր կոնսենսուս, և ընդդիմադիր ուժերը կարծում էին, որ պատերազմը կանգնեցնելը դավաճանություն է, ես այդ դեպքում չեմ հասկանում, թե նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությունը, որից տեղյակ չի եղել նույնիսկ ՀՀ նախագահը, որ հայտարարեց, որ տեղեկացել է մամուլից, ո՞ւմ հետ է եղել կոնսենսուս, որ նա այդ հայտարարությունը ստորագրել է։ Եթե նրա տրամաբանությամբ երկրի վարչապետին անհրաժեշտ է եղել կոնսենսուս ընդդիմադիր ուժերի հետ, այդ դեպքում ի՞նչ կոնսենսուս է եղել ընդդիմադիր ուժերի հետ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց։ Փաստացի, եթե նոյեմբերի 9-ին կոնսենսուս չի եղել և գլխավոր հրամանատարը ստորագրել է այդ հայտարարությունը , այդ դեպքում, նույն հաջողությամբ առանց համաձայնեցնելու որևէ ընդդիմադիր ուժի հետ հնարավոր էր դա ստորագրել, օրինակ,  հոկտեմբերի 1-ին։ Իմ տրամաբանությամբ այդպես է, դրա համար էլ ես հայտարարում եմ, որ նրա հայտարարությունը տրամաբանությունից դուրս է»,- ասաց Ավագյանը։

Ավագյանին հարցրինք՝ երբ ինքը Արայիկ Հարությունյանի ներկայացուցիչն էր, նա երբևէ հայտարարե՞լ է, որ ընդդիմության հետ կոնսենսուս չի եղել․

«Ոչ, այդպիսի հայտարարություն չի արել իմ ներկայությամբ, և եթե նա այդպիսի հայտարարություն աներ, ես շեշտադրում կանեի, որ դա տրամաբանությունից դուրս է, որովհետև, ըստ տրամաբանության, եթե քեզ ընդդիմադիր ուժերի հետ կոնսենսուս է անհրաժեշտ, և դու այդ կոնսենսուսի պատճառով մեկ ամսից ավել պատերազմը չես կանգնեցնում, և մեկ ամիս անց եռակողմ հայտարարություն ես ստորագրում, դա ինձ համար անհասկանալի է։ Ինչպես բոլորս գիտենք, ՌԴ-ն առաջարկել է դա հոտեմբերի 19-ին ստորագրել, ինչի՞ն էր պետք 20 օր սպասել, տալ զոհեր և դրանից հետո ստորագրել։ Եթե նա կարողանա այդ տրամաբանությունը մեզ բացատրել, բացել փակագծերը, թե ի՞նչն է խոչընդոտ եղել, որ հոկտեմբերի 1-ին կամ 2-ին ստորագրի, և ինչպե՞ս է այդ խոչընդոտը վերացել նոյեմբերի 9-ին։ Ինձ համար այդ տրամաբանությունն անհասկանալի է»,- պատասխանեց Ավագյանը։