Ապրիլի 26-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ և հավաստի տեղեկություններով՝ Հայաստան է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ՝ 49-ամյա Վանո Թումանյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինիս նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2020 թվականի փետրվարից, ով կասկածվում է 2019 թվականի փետրվարի 24-ին հրազենի գործադրմամբ Կոտայքի մարզում՝ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարենի» սպանությունը կատարելու մեջ։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և  235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ նրա թաքնվելու վայրը պարզելու համար հսկայածավալ աշխատանքներ են կատարվել, ի վերջո բացատրական աշխատանքների արդյունքում Վ. Թումանյանն ինքնակամ ներկայացել է ՌԴ-ում տեղի իրավապահներին։

Ապրիլի 26-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Վ. Թումանյանը տեղափոխվել է Հայաստան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանի որոշմամբ երկամսյա կալանք էր կիրառվել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վիլյամ Դանիելյանի և Իջևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Չապուխյանի նկատմամբ։ Վերջիններիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր-ի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Վ. Դանիելյանն ու Գ. Չապուխյանը կասկածվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարեն» մականվամբ 29-ամյա Կարեն Խնուսյանի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Կայքի տեղեկություններով՝ 2010 թվականին Հունաստանում Կ. Խնուսյանը սպանել էր Վ. Դանիելյանի եղբորը՝ Արկադի Դանիելյանին, իսկ Գ. Չապուխյանն էլ Վ. Դանիելյանի սանիկն է։