Ժողովուրդ օրաթերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը ուսումնասիրություն է իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը որոշ անհամապատասխանություններ է հայտնաբերել:

Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի 6 վարչական շրջաններում հրշեջ մեքենաների թիվը 27-ով պակաս է քաղաքաշինության նորմերով սահմանված քանակից, իսկ Մալաթիա-Սեբաստիա եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում հրշեջ-փրկարարական ջոկատներ տեղակայված չեն, մինչդեռ Երեւանը 200 հազարից ավելի բնակչությամբ քաղաք է, հրշեջ ավտոմեքենաների եւ հաշվարկների թիվը պետք է լինի յուրաքանչյուր 20 000 բնակչի հաշվով 1 մարտական հաշվարկ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մալաթիա-Սեբաստիա եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կանչերի արձագանքն իրականացվել է հարեւան վարչական շրջաններից:

Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին Մալաթիա-Սեբաստիա եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում համապատասխան տարածքներ կամ անշարժ գույք հատկացնելու խնդրանքով, սակայն նախարարությանն ի պատասխան՝ նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին Երեւանի քաղաքապետարանը գրությամբ տեղեկացրել է, որ քաղաքի՝ սեփականություն հանդիսացող գույքի կազմում հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծման նպատակով համապատասխան տարածքներ առկա չեն:

Ասել է թե՝ քաղաքապետը մերժել է, ու տպավորություն է, որ Մարությանին չեն մտահոգում հրդեհները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում