Ապրիլի 25-ին ադրբեջանցի զինվորականները հայ ուխտավորներին թույլ չեն տվել այցելել Դադիվանք եւ կատարել նախապես համաձայնեցված քահանայական ձեռնադրությունը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Տեր Աթանաս աբեղան, որն այդ օրը պետք է Դադիվանքում մասնակցեր ձեռնադրությանը,  բայց իրավիճակից ելնելով ձեռնադրումը կատարվել է Գանձասարում։

«Շուրջ երկու ամիս է՝ ես Դադիվանքում եմ, իմ ձեռնադրության ժամանակն էր, ու քանի որ այնտեղ էի գտնվում, այնտեղ էլ պետք է ձեռնադրությունը լիներ։ Դեռ շաբաթներ առաջ դրա մասին ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարության միջոցով նախապես ադրբեջանցիներին հայտնել էինք, եւ նրանք համաձայնություն էին տվել, գրեթե մեկ ամիս է՝ ինչ գիտեինք, որ լինելու է, միայն սպասում էինք, որ օրը հստակեցվեր։ Անգամ հստակ էր, որ 25 ուխտավոր պետք է գնա Դադիվանք, սակայն, նախորդ շաբաթ տեղեկացանք, որ 15–ն են դարձրել ուխտավորների թիվը, իսկ դեպքից մեկ օր առաջ էլ 15–ը դարձավ 10։ Այդպիսով, 10 ուխտավորով ապրիլի 25–ին գնացինք Դադիվանք։ Վանք չհասած մեզ կանգնեցրին, , շուրջ 20 րոպե սպասեցինք, որից հետո մեզ ասացին, որ կարող ենք առաջանալ, գնացինք անմիջապես ադրբեջանցիների դիրքի մոտ, որոշ ժամանակ անց մեզ ասացին, որ չեն թույլատրում մտնել Դադիվանք համավարակի պատճառով։ Մեզ այդ պահին ուղեկցում էին նաեւ ռուս խաղաղապահները։ Չթույլատրելու մասին ասվել է խաղաղապահ ուժերի  ներկայացուցչին։ Մենք ադրբեջանցիների հետ  երկխոսության մեջ չենք մտել»,– պատմեց Հայր Աթանասը՝ հավելելով, որ հետ են գնացել Արցախում գտնվող ռուսական հենակետերից մեկը, որտեղ ուխտավորները խաղաղապահ ուժերի հրամանատարությանը ներկայացնել են տեղի ունեցածը։

«Եթե իրենք այդքան կարեւորեին համավարակը, ապա գոնե իրենք պետք է դիմակով լինեին։ Համավարակը նոր երույթ չէ, նույնիսկ, մենք իրենց հետ չենք էլ առնչվում, մենք վանք ենք գնում։  Եթե վարակն այնտեղ տարածելու խնդիր կար, ապա միակ մտահոգությունը  ռուս խաղաղապահները պետք է լինեին,  որովհետեւ մենք միայն նրանց հետ ենք շփվում։ Այսինքն՝ արհեստական պատճառաբանություն ներկայացվեց մեզ։ Խաղաղապահ ուժերի հրամանատարությունը եւս փորձեց խոսել, հարցը լուծել, սակայն ապարդյուն»,– պատմեց Հայր Աթանասը։

Քահանայական ձեռնադրությանն ընդառաջ կատարվում է ընծայման կարգ։ Ըստ Տեր Աթանաս աբեղայի՝ ապրիլի 24–ին տեղի էր ունեցել ընծայման կարգը, հետեւաբար դրան պետք է հաջորդեր ձեռնադրությունը։ Ուստի ուխտավորները ստիպված են եղել ձեռնադրություն անել մեկ այլ վայրում՝ Գանձասարում։

«Ես պետք է լինեի Դադիվանքում, 40–օրյա պահեցողության շրջանում, բայց հիմա գտնվում եմ Գանձասարում։ Հիմա անորոշ վիճակ է, կիրակի օրը կրկին պետք է փորձենք նույն ընթացակարգով գնալ Դադիվանք»,– ասաց Հայր Աթանասը՝ հավելելով, որ չգիտի՝ կիրակի օրը կհաջողվի լինել Դադիվանքում, թե՝ ոչ։