Մանկուց ազատության ձգտող, ժիր ու նպատակասլաց։ Կռվեց հանուն ազատության, հանուն հայրենիքի ու զոհվեց՝ հայրենիքի պատպանության համար մղվող պայքարում։ Արցախյան պատերազմի սուրբ նահատակներից է 19 ամյա Կարեն Հովհաննիսյանը։ Ծնունդով Շիրակի մարզի Գետափ համայնքից է։ Կարենի հայրը՝ Գրիգոր Հովհաննիսյանը Irakanum.am-ի հետ զրույցում նշել է, որ որդին բազմաթիվ երազանքներ ուներ, որոնք ցավոք այդպես էլ չեն իրականա։ «Իմ միակ որդին էր։ Փոքր տարիքից շատ աշխույժ է եղել։ Դպրոցում այդքան էլ լավ չի սովորել, բայց սիրված աշակերտ է եղել։ Իրա մոտ անկեղծությունն ու մաքրությունն է առաջին տեղում եղել, չէր սիրում, որ ստում էին»,- ասաց հայրը։

Կարեն Հովհաննիսյանը սիրում էր սպորտով զբաղվել, նաեւ պարում էի։ «Նպատակ ուներ բանակից հետ վերադառնար ֆիզկուլտ ինստիտուտ ընդունվեր, նաեւ պարի էր գնում, բոքսի»,- ասաց հայրը։ Կարենը բանակ զորակոչվել էր 2020 թվականի հուլիսի 8-ին։ Ծառայում էր Մարտունի 2-ում։ «Իրա ընկերները պատմել են, որ ֆիզիկապես պատրաստված էր Կարենս»,- պատմեց Գրիգոր Հովհաննիսյանը։ Ծառայությունից որդին երբեք չի դժգոհել։

Ծնողների հետ հաճախակի է զրուցել, ընդգծելով, որ ամեն ինչ լավ է։ «Ինքը շատ գոհ էր։ Անգամ վիրավորել էր, բայց մեզ չէր ասել։ Մեկ- մեկ որ ես խոսում էի, ասում էր պապ դու տղամարդ ես, դաժե իրա մամային ասում էր հո դու ղզիկ չես, չի կարելի, ինչ պատերազմ, ինչ բան, մենք բունկերների մեջն ենք, մենք կապ չունենք պատերազմի հետ։ Էդ 40 օրվա ընթացքում մի անգամ երբ հարցրեցի, թե տղես առաջին, թե՞ երկրորդ գիծ ես, ասեց՝ ավելի լավ է առաջինը լինեի»,- ասաց հայրը, հավելելով, որ և խաղաղ պայմաններում ծառայելիս և պատերազմի ժամանակ որդին չի դժգոհել ոչ սնունդից, ոչ պայմաններից։ Բայց հետագայում Գրիգոր Հովհաննիսյանը իմացել է, որ եղել է և սնունդի և հագուստի խնդիր։ Դա իրեն պատմել է կամավորներից մեկը, ով մեկնել էր ռազմաճակատ որդուն գտնելու և նրա հետ կռվելու համար։ «Ասում էր ուտելիքը նորմալ է, բայց իրականում այդպես չի եղել։ Իրա հետի կամավորների հետ եմ ես ծանոթացել, իրանք օրերով սոված են մնացել, ջուր չեն ունեցել, ծառի արմատ են կերել։ Դե բնական է՝ պատերազմ է հասկանում եմ, դաժե իրա հագի կոշիկը մի ամիս պոկված է եղել, նասկիով է եղել, կամավորն է սապոգ գտել, տվել է ասել է Կարեն ջան հագի։ Անգամ դա մեզ չի ասել»,- պատմեց հայրը։ Կարենը ծնողներին նաև չի հայտնել, որ բեկորային վնասվածք է ստացել, դրա մասին հետո են իմացել։

Միակ որդու հետ ծնողները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 30-ին, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին Կարենը զոհվում է։ «Ես վերջին օրը որ խոսացի հետը, ասում էի՝ զգույշ մնա, ասում էր լավ եմ, պրոբլեմ չկա, ուրախ էր»,- վերհիշում է հայրը։ Պատերազմի դաշտում գտնվող կամավորները, սակայն խորհուրդ են տվել տղաներին, ծնողներին ճիշտը պատմել, բայց Կարենը չէր ցանկանում՝ միշտ փորձել է ծնողներին հանգստացնել, որ ինքն ապահով վայրում է։ «Ասել է, որ իմ դիրքը չեմ թողա, ու այդպես էլ վարվել է, առանց սպայի մնացել է դիրքում, իմ լսելով մի հատ սերժանտ է եղել հետը, ու երկուսով զոհվել են էդտեղ, դիրքը չեն թողել»,- պատմեց Գրիգոր Հովհաննիսյանը։ Վերջին զրույցի ժամանակ Կարենը նաև հորն ասել է, որ եթե առաջիկա օրերն չզանգի՝ չանհանգստանան։ Ու այդպես էլ հաջորդ սպասված զանգը չի հնչել։ Ծնողները մտածել են, գուցե կապի խնդիր կա։

Օրեր անց, սակայն ծնողների սիրտը կանխազգացել է, որդու հետ ինչ-որ բան է պատահել։ Ցավոք կանխատեսումներն իրականանում են։ Իրենց մինուճարն այլեւս չկա, զոհվել է, ոչ մի մետր չհեռանալով իրեն վստահված դիրքից։ Անավարտ երազանքներ, նպատակներ ու բանակից հետո կյանքը սեփական պատկերացումներով ապրելու 19 ամյա Կարենի հույսերը մնացին պատերազմի դաշտում։

Կարեն Հովհաննիսյանին հուղարկավորել են հայրենի գյուղի՝ Գետափի գերազմանատանը։ Տնից մի քանի մետր է հեռու։ Հոկտեմբերից սկսած Կարենի ծնողները գերեզմանատուն տանող ճանապարհն ամեն օր են անցնում, ծաղիկներ խոնարհում, խունկ ծխեցնում ու խոսում իրենց միակ որդու հետ։ Այդտեղ են իրենք գտնում իրենց սփոփանքը։

Irakanum.am