Ապրիլի 27 հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կողմերը քննարկել են բարձր մակարդակով կայանալիք շփումները և Լեռնային Ղարաբաղում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցեր, այդ թվում՝ բարձր մակարդակով նախատեսվող շփումները: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբեր 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման ընթացքի վերաբերյալ, այդ թվում՝ երեք երկրի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: