Իրանը հույս ունի, որ Վիեննայում ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ անցկացվող բանակցությունների արդյունքում իրանցի բոլոր գերիներն ազատ կարձակվեն: Նախարարների խորհրդի խոսնակ Ալի Ռաբիեի խոսքերով, ազատ արձակումը պետք է տեղի ունենա ‘’մարդկային մտահոգությունների’’ պատճառով:

Նա չի խոսել այն մասին, թե քանի իրանցի է պահվում Միացյալ Նահանգներում: Սակայն ասել է, որ ‘’նրանց թիվն ավելի մեծ է, քան Իրանում պահվող ամերիկացի գերիներինը:

Իրանը 2019 թվականին տեղի ունեցած գերիների փոխանակման ժամանակ ԱՄՆ-ին էր վերադարձրել չին-ամերիկացի մի գիտնականի, որը լրտեսության մեղադրանքով այստեղ էր պահվում երեք տարի: Այն ժամանակ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ ԱՄՆ-ում կա իրանցի մոտ քսան գերի:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաեդ Խաթիբզադեն անցյալ շաբաթ էր հանդես եկել մեկնաբանությամբ այն մասին, թե Թեհրանը հույս ունի, որ Վիենննայում անցկացվող բանակցությունները հիմքում ունենալով, կիրականացվի մեծաթիվ գերիների փոխանակում: Նման փոխանակում տեղի էր ունեցել 2015 թվականին միջուկային միջազգային գործարք կնքելու արդյունքում:

Երբ Վիեննայում երեքշաբթի օրը, փոքր ընդմիջումից հետո, սկսվելու են միջուկային հարցերով բանակցությունները, Թեհրանը պնդում է, որ ԱՄՆ-ը հանի իր դեմ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուժի մեջ մտցված պատժամիջոցները: ԱՄՆ-ը շարունակում է պնդել, որ մինչ այդ Իրանը պետք է հարգի միջուկային գործարքի արդյունքում իր վրա դրված սահմանափակումները: Հիշեցնենք, որ Թրամփի կողմից ԱՄՆ-ը գործարքից դուրսբերվելուց հետո, Իրանը սկսեց աստիճանաբար խախտել իր վրա դրված պարտավորությունները, այդ թվում ուրանի հարստացման սահմանների մասին կետը:

Այս պահին մի շարք երկրների ներկայացուցիչներ առանձին-առանձին հանդիպումներ են ունենում Ավստրիայի մայրաքաղաքում գտնվող ամերիկյան եւ իրանյան պատվիրակությունների հետ: