Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով իշխանությունը հանրապետության տարբեր մարզերում զբաղված են սեփական դիրքերը ամրացնելու գործընթացով։ Գործող իշխանությունը հստակ գիտակցում է, որ իր դիրքերն ամուր չէ և թիմակիցներից շատերը, որոնք հանգամանքների բերումով հայտնվել են խորհրդարանում անգամ իրենց թաղերում հեղինակություն չունեն և հետևաբար ընտրություններին բավարար չափով օգուտ բերել չեն կարող։ Այդ հանգամանքով պայմանավորված բանագնացների միջոցով փորձում են խոշոր քաղաքներում աշխատանքներ իրականացնել քաղաքապետերի հետ, իսկ գյուղական համայնքներում՝ գյուղապետերի, որպեսզի կարողանան որոշակի ձայներ ստանալ։

Irakanum.am-ի Գյումրիի աղբյուրների փոխանցմամբ այս օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչներ բակացություններ են սկսել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, որպեսզի վերջինս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատի ՔՊ-ի օգտին։ Իշխանականները Բալասանյանին փոխանցել են, որ դիմացը Գյումրու քաղաքապետի ընտրություններն են, որի ժամանակ էլ իրենք կաջակցեն վերջինիս։
Եղել է արդյո՞ք նման խոսակցություն կողմերի միջեւ։ Թեմայի շուրջ զրուցել ենք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանի հետ։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, այս օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչներ բանակցում են Սամվել Բալասանյանի հետ, որպեսզի վերջինս ընտրություններում աշխատի իրենց օգտին։

Նման բան չկա:

Եղել է արդյո՞ք հանդիպում այս ընթացքում։

Գյումրիում այս պահին մի քանի խոշոր ծրագրերով իրականացվում են լայնածավալ աշխատանքներ և քաղաքապետը զբաղված է այդ ծրագրերի իրագործման, դրանց ընթացքում առաջ եկող խնդիրների կարգավորման հարցերով: Ելնելով իրականացվող ծրագրերից՝ քաղաքապետը մշտապես կապի մեջ է համապատասխան գերատեսչությունների հետ:

Ի՞նչ դիրքորոշում ունի քաղաքապետը  առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Քաղաքապետն անկուսակցական է, մեկ ձայն ունի, որով ընտրությունների օրը կարտահայտի  իր դիրքորոշումը:

Irakanum.am