Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսուա-Քզավիե Բելամին Եվրոպական միությանը կոչ է արել Ադրբեջանից պահանջել անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ պատգամավորն իր ելույթում նշել է, որ այցելել է Երևան ու տեսակցել Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված մի խումբ զինվորների:

«Ես այցելել եմ հայկական հիվանդանոց, որտեղ բուժվում են վերջին պատերազմում տուժածները և, հանդիպելով նրանց հետ հայացքներով, ես ամաչեցի, որ գալիս եմ Եվրոպայից: Զգացի ամոթ Էրդողանի գործողությունների դիմաց եվրոպական փոխզիջումներից, զգացի ամոթ Սիրիայում «Դայեշ»-ին հաղթելուց հետո դավաճանության մատնված քրդերի համար, զգացի ամոթ Լիբիայի քաղաքացիական բնակչության համար, զգացի ամոթ մեր հույն, կիպրոսցի, բուլղար եղբայրների համար, որոնց ինքնիշխանությունն անընդհատ վտանգվում է, Եվրոպայի եղբայր հայ ժողովրդի համար` մատնված միակողմանի ագրեսիայի և, ով ստիպված միայնակ է առերեսվել Էրդողանի ջիհադիստ վարձկանների, կասետային ռումբերի հետ»,- նշել է պատգամավորը:

Բելամին հավելել է, որ այցելել է նաև Եռաբլուր, որտեղ թաղված են հազարավոր երիտասարդներ, որոնք զոհվել են միայն նրա համար, որ Էրդողանը որոշել էր, որ բռնի ուժն ավելի լավ է, քան դիվանագիտությունը` իր շահերը պնդելու, առաջ մղելու համար:

«Դա մեծագույն հանցագործություն է, որը կատարվում է երկրի մի ղեկավարի կողմից, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ինչն արդեն պետք է ահազանգ լինի մեզ համար: Սա նաև սարսափելի նախադեպ է, քանի որ մենք առանց որևէ բառ ասելու, թույլ ենք տալիս, որ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն անպատժելիորեն խախտի միջազգային իրավունքը: Եվրոպան ունի գործելու բավական լծակներ` առաջինը դա կլիներ վերջապես պահանջել, որ բոլոր հայ ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Բաքվում, ազատ արձակվեն անհապաղ, որպեսզի վերջ դրվի այս ռազմական հանցագործությանը, եթե Եվրոպան ցանկանա, դա կարող է անել»,- ասել է Բելամին: